211652_close_icon
views-count3001 դիտում article-date 17:34 10-11-2020

Գերիների փոխանակման համար կողմերը պետք է դիմեն Կարմիր խաչին, ժամկետները կախված են կողմերի համաձայնություններից․ Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես միջնորդ պատրաստակամ է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը սկսելու համար, հայ և ադրբեջանական կողմերը տեղյակ են կոմիտեի պատրաստակամության մասին, իսկ թե գործընթացը երբ կսկսվի, կախված է համաձայնություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ կսկսվի գործընթացը՝ Ամատունին պատասխանեց՝ իրենք չեն կարող ասել: «Պատրաստակամությունը կա, կողմերը տեղյակ են, ամեն ինչ կախված է համաձայնություններից, որոնք ձեռք կբերվեն այս հարցով: Կողմերը նաև պետք է մեզ դիմեն այս հարցով»,-ասաց նա: Ամատունու վստահեցմամբ՝ ԿԽՄԿ-ն այս ողջ ընթացքում երկկողմանի կարգավիճակով կապի, քննարկումների մեջ է եղել, կոմիտեի պատրաստակամության մասին կողմերը քաջատեղյակ են: Սեպտեմբերի 27-ից սկսած ԿԽՄԿ-ն ամեն օր պատրաստակամություն է հայտնել: «Քանի որ մենք միջնորդ ենք, քաղաքական որոշումների մեջ ներգրավված չենք: Իհարկե, մեր որոշումների զգալի մասը կողմերի ձեռքերում է: Մենք, որպես մարդասիրական չեզոք կազմակերպություն, այստեղ ենք, որ օգնենք, որ դա կատարվի մարդասիրական ստանդարտներով, որ հիշեցնենք՝ դա պարտավորություն է: Բնականաբար, քաղաքական որոշումների ժամկետները և այլն համաձայնեցվում են կողմերի նախաձեռնությամբ, սակայն մեր մասնակցությամբ՝ որպես միջնորդ, եթե տվյալ պարագայում դա նույնպես լինի մեր միջնորդությամբ»,-ասաց Ամատունին ու վստահեցրեց, որ կողմերի հետ մշտապես կապերի մեջ են՝ տարբեր հարցերով:

Նմանատիպ նյութեր