211652_close_icon
views-count1436 դիտում article-date 14:37 09-11-2020

ՄԻՊ-ը բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 9-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են բարոնուհու HART բարեգործական կազմակերպության փոխտնօրենը և երկու լրագրողներ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները, որոնք հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների վրա։ Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում արձանագրված սպանություններն ու պատճառված վնասները։ «Ադրբեջանական հարձակումները համացանցում ուղեկցվում են ատելության խոսքով հայերի նկատմամբ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայ գերիների տեսանյութերն ու հայկական կողմի զոհերի լուսանկարները տարածվում են համացանցում՝ դառնալով ատելության խոսքի խորացման և խրախճանքի թեմա»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ եզրահանգելով, որ ադրբեջանական կողմի վերջնանպատակն էթնիկ զտումն է Արցախում։ Պատվիրակությանը ներկայացվել է ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետևանքները, որի վերաբերյալ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց։ Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել Արցախում և Հայաստանում իրավիճակի մանրամասն ներկայացման համար և ցանկություն հայտնել հնարավորության դեպքում այցելել Արցախի տեղում իրական վիճակն արձանագրելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել թույլտվության դեպքում անձամբ ուղեկցել պատվիրակությանը:

Նմանատիպ նյութեր