211652_close_icon
views-count6801 դիտում article-date 10:48 31-10-2020

Ենթադրել, որ այս պատերազմում որևէ երկիր «մեր կողմից է»՝ անթույլատրելի միամտություն է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ բավականին հստակ ձևով ներկայացրեց իր երկրի դիրքորոշումն ընթացիկ պատերազմի վերաբերյալ: Երկու անգամ էլ նա սկսեց հայերի դեմ բռնություններից, որոնք պատճառ դարձան, որ հայկական կողմը սկսեց զինվել և կռվել: Պարզ է, որ այդ մակարդակի ղեկավարները ոչ մի բան պատահաբար չեն ասում՝ դրանով, կարծում եմ, Պուտինը ակնարկում է, որ Արցախի հայաթափում թույլ չի տա: Իհարկե, ՌԴ նախագահի նման մոտեցումը «հայամետության» հետ կապ չունի՝ պարզապես թուրք-ադրբեջանական սցենարով խնդրի լուծումը կնշանակի Ռուսաստանի լուրջ աշխարհաքաղաքական պարտություն Հարավային Կովկասում: Մյուս կողմից՝ Պուտինը խոսել է նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող 5+2 շրջանների՝ Ադրբեջանին հանձնելու մասին, որը նույնպես, ինչպես հասկանում եք, այդ պահին նրա մտքով անցած իմպրովիզացիա չէր՝ դրա մասին խոսվում է առնվազն 2007 թվականից («Մադրիդյան սկզբունքներ»): Անկախ նրանից, որ այդ խոսակցությունները մեզ դուր չեն գալիս, որ մենք դա անընդունելի ենք համարում, այդպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը: Պուտինն ասում է նաև, որ առաջին հերթին պետք է կանգնեցնել պատերազմը, արյունահեղությունը և այդ համատեքստում հիշատակում է նաև Թուրքիան (որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ)՝ ըստ ամենայնի հասկանալով, որ առանց Թուրքիայի համաձայնության այս անգամ չի հաջողվի հրադադար հաստատել: Հնչում են խաղաղապահների մասին առաջարկները, բայց այս հարցում որևէ հստակություն չկա՝ արդյոք դա այժմ հնարավոր է և եթե այո, ապա որտեղ են նրանք տեղակայվելու, որ երկրի (երկրների) խաղաղապահներ են լինելու: Արդյո՞ք Ադրբեջանը կհամաձայնի բացառապես ռուսաստանցի խաղաղապահների տարբերակին: Միացյալ նահանգների և Ֆրանսիայի դիրքորոշումն ավելի անորոշ է: Եթե մի կողմ թողնենք «լիրիկան»՝ հայերի նկատմամբ որոշակի համակրանքի դրսևորումները, ապա այդ երկրները նույնպես կարծում են, որ խնդիրը պետք է կարգավորվի «մադրիդատիպ» սկզբունքների հիման վրա: Նրանք նույնպես կարծում են, որ պատերազմը պետք է կանգնեցնել, բայց, ի տարբերություն Ռուսաստանի, որևէ լծակ չունեն Արցախի հայաթափումը կանխելու համար: Այդպիսին է իրողությունը: Դիվանագետներն, իհարկե, պետք է բանակցեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Բայց ենթադրել, որ այս պատերազմում որևէ երկիր «մեր կողմից է»՝ անթույլատրելի միամտություն է: Առավել մերժելի է ձեռները ծնկներին խփելն ու «աշխարհի անարդարությունից» բողոքելը: 100 տարի առաջ բողոքեցինք, դրանից ոչ մի լավ բան չստացվեց: Մնում է հայկական բոլոր ուժերը հավաքելը, ատամները սեղմելը և կռվելը: Աշխարհը կընդունի այն «բնագծերը», որոնք մենք ենք նվաճել՝ ոչ ավելի, ոչ պակաս»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր