56729 դիտում
20:18 29-10-2020
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել». Պուտին. Tert.am
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով մասնակցել է «Ռուսաստանը կանչում է» ներդրումային հիմնադրամի համաժողովին, որի մասնակիցներից մեկի խնդրանքով անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/29/putin/3430270?fbclid=IwAR1SjG44nwEhYnHp2HtZmgg6rFg8mKH3i4KhPKt3_250iVV8fefFlDns4UI]Tert.am[/url]-ը։
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը,Պուտինը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այս հակամարտությունը սկիզբ է առել էթնիկ բախումներից, մինչդեռ ԽՍՀՄ այն ժամանակվա իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել մարդկանց անվտանգության ապահովման համար:
Պուտինն ընդգծել է, որ «էթնիկ հողի վրա կատարված բացասական իրադարձությունների հետևանքով հայերը ձեռքները զենք են վերցրել և դա անձամբ են արել»:
ՌԴ նախագահի խոսքով՝ «հակամարտության յուրաքանչյուր կողմն իր ճիշտն ունի և հակամարտությունը հեշտ լուծումներ չունի, քանի որ հանգույցը շատ պինդ է կապված»:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել»,-կարծիք է հայտնել ՌԴ նախագահը:
Վերջինս կարևորել է, որ հարցի կարգավորմամբ մարդիկ կարողանան իրենց ապահով զգալ, արդյունավետ տարածաշրջանային զարգացման պայմաններ, ենթակառուցվածքային բոլոր հնարավորությունների ապաարգելափակման հնարավորություններ ստեղծվեն:
Պուտինի խոսքով՝ դա հնարավորություն կտար այսօրվա համաժողովի մասնակիցներից շատերին մասնակցել տարածաշրջանի զարգացմանը, ներդրումներ անել:
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, մարդկային կորուստները, նստել բանակցային սեղանի շուրջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։