211652_close_icon
views-count2358 դիտում article-date 09:43 24-10-2020

ԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 90 հազար արցախցի է տեղահանվել, կորցրել իր տունը, ունեցվածքը: «[url=https://armenpress.am/arm/news/1032601.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Atlantic Council-ում քննարկման ընթացքում: «Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, ԱԹՍ-ների հարձակման: Մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, նրանք կորցրել են իրենց տները, ունեցվածքը: Ենթակառուցվածքներն են վնասվել: Մարդիկ ապրում են կրակի տակ: Դա կատարվում է ամեն օր, պարբերաբար, սա այն է, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, այն է, ինչ կատարվում է ԼՂ ժողովրդի հետ»,- ասաց Մնացականյանը: Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ կան բազմաթիվ քաղաքացիական կորուստներ, ամեն օր ռմբակոծվում են հոսպիտալներ, դպրոցներ: ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ այս ամենը պետք է կանգնեցվի: Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Նմանատիպ նյութեր