211652_close_icon
views-count3568 դիտում article-date 10:17 23-10-2020

Սենատոր Մենենդեսն Ադրբեջանին և Թուրքիային սպառազինությունների վաճառքը դադարեցնելու բանաձևեր է ներկայացրել

Սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ կոնգրեսի երկու բանաձև է ներկայացրել, որոնցով կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ, արդեն հանգեցրել է տարածաշրջանում քաղաքացիական բնակչության շրջանում ցավալի զոհերի և մարդու իրավունքների սարսափելի խախտումների։ Միացյալ Նահանգները չի կարող շարունակել օգնություն տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային անվտանգության և սպառազինության ոլորտում, քանի որ նրանք գնալով ավելի ու ավելի են հեռացնում տարածաշրջանը խաղաղությունից»,- հայտարարել է Մենենդեսը: Սենատորը նշել է, որ այդ երկու բանաձևերը կկանգնեցնեն վաճառքը երկու կառավարություններին, որոնք իրենց անվտանգության ուժերն օգտագործում են անմեղ մարդկանց վնաս հասցնելու համար: Հոկտեմբերի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

Նմանատիպ նյութեր