211652_close_icon
views-count453 դիտում article-date 12:40 21-10-2020

Պետությանը հանձնվող՝ ԵԱՏՄ-ից որոշ ապրանքների ներմուծումը կազատվի հարկերից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հարկերից ազատել Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և Առողջապահության նախարարությանը հանձնվող՝ ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անդամ երկրներից: «[url=https://armenpress.am/arm/news/1032272.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Սահմանվում է, որ ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից՝ այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում: «Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություներից ներմուծվող և այնուհետ երեք պետական կառավարման մարմինների՝ ՊՆ-ին, ԱԻՆ-ին և ԱՆ-ին հանձնվող, համապատասխանաբար, ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքները կարողանան հանձնել առանց հարկային պարտավորությունների»,- ասաց Պողոսյանը: Պայմանն այն է, որ մինչև ռազմական դրության ավարտը խնդրո առարկա ապրանքները, որոնք առաջարկվում է, որ սահմանվեն կառավարության կողմից, հանձնվեն hիշյալ գերատեսչություններին, և այդ հանձնումը փաստաթղթավորվի համապատասխան հաշվարկային փաստաթղթերով: Անդրադառնալով հարցին, թե ինչու է կարգավորումը վերաբերում միայն ԵԱՏՄ երկրներից կատարվող ապրանքների ներմուծմանը՝ փոխնախարարն ասաց, որ ի տարբերություն ԵԱՏՄ անդամ երկրներից կատարվող ներմուծումների, երբ ներմուծումը կատարվում է երրորդ երկրներից, կա շատ արդյունավետ միջոց այդ ապրանքների ներմուծումը հարկերից ազատելու համար: Ներմուծողը կարող է ներկայացնել հրաժարում հօգուտ պետության՝ մաքսային ընթացակարգին համապատասխանող մաքսային հայտարարագիր, և ըստ այդմ ազատվել ներմուծման հետ կապված հարկերից: Արտոնությունը տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ներմուծված ապրանքների վրա: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 83 «կողմ» ձայն: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի դարձյալ հոկտեմբերի 21-ին:

Նմանատիպ նյութեր