211652_close_icon
views-count82699 դիտում article-date 18:47 20-10-2020

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Toyota Land Cruiser–ն ու քարով բարձված ЗИЛ-ը. վերջինս կողաշրջվել է. ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի և ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել տուֆով, կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Toyota-ի վարորդն է եղել, ում Թալինի հիվանդանոցից տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր