211652_close_icon
views-count216 դիտում article-date 12:34 20-10-2020

ՌԱԿ-ի հայտարարությունը հայ-ադրբեջանական կայանալիք բանակցությունների վերաբերյալ

Ռամկավար ազատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարության՝ կապված հայ-ադրբեջանական կայանալիք բանակցությունների հետ: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն չորրորդ շաբաթն է, ինչ ադրբեջանական հրոսակները Թուրքիայի անմիջական հովանավորությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ աննախադեպ լայնածավալ պատերազմ են վարում Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով իրենց ունեցած ժամանակակից ռազմական ողջ զինանոցը և հավատարիմ մնալով իրենց նենգ բնույթին` որպես թիրախ ընտրել են ոչ միայն հայկական զինված ուժերը, այլ նաև խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը: Այսպիսի ծավալներով՝ կենդանի ուժի ու զինտեխնիկայի կիրառման խտությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ակտիվ ներգրավվածությամբ, պատերազմն ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ դառնալով լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի երկրների համար: Արցախի պաշտպանական բանակը, կամավորականների ու աշխարհազորայինների անմիջական մասնակցությամբ և Սփյուռքի հայության աջակցությամբ հերոսական դիմադրություն է ցույց տալիս թշնամուն՝ ցուցադրելով ժամանակակից ռազմարվեստի գլուխգործոցներ՝ տասնապատիկ ավելի կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ պատճառելով թշնամուն: Փա՛ռք մեր խիզախ ու քաջ հայկական բանակին և հավերժ փա՛ռք հանուն հայրենյաց զոհված մեր նահատակներին: Ռամկավար Ազատական կուսակցությունը, խստագույնս դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ, դիմում է ամբողջ աշխարհի առաջադեմ մարդկությանը և միջազգային բոլոր կազմակերպություններին՝ միասնաբար ստիպել ադրբեջանաթուրքական ահաբեկիչներին դադարեցնելու ռազմական գործողությունները Արցախի հանրապետության նկատմամբ և աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի կողմից խնդրի բանակցային կարգավորմանն ուղղված ջանքերին: Միևնույն ժամանակ, գնահատելով բանակցությունների կարևորությունը հայ ժողովրդի համար օրհասական այս պահին, Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին՝ անվերապահ վստահություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վարելու Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների ղեկավարների միջև ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք բանակցությունները: Աստվա՛ծ զորավիգ մեր վարչապետին և մեր ողջ ազգին»:

Նմանատիպ նյութեր