211652_close_icon
views-count4145 դիտում article-date 15:33 16-10-2020

Ես ձեզ կոչ եմ անում գործել և փրկել մեր ժողովրդին՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան երկիր. Նիկոլա Ազնավուրի նամակը՝ Մակրոնին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ «Պարո՛ն նախագահ, Հայ ժողովրդի սիրելի ընկեր և բարեկամ, Անցած մի քանի օրերը ցավով և մտահոգությամբ էին լցված ամբողջ հայ ժողովրդի համար: Հայ ազգին կրկին սպառնում են, ինչպես 1915-ին, և հայ ազգը ստիպված է պայքարել իր գոյատևման համար: Բնակչությունը մեծ խիզախությամբ պաշտպանում է իր դիրքերը, բայց զոհերը բազմաթիվ են: Ես մեկ անգամ ևս դիմում եմ ձեզ, որովհետև Դուք այն մարդն ու առաջնորդն եք, որը չի վախենում ճշմարտությունն ասելուց և մարդկային արժեքներն առաջնային է դասում: Դուք դա ապացուցել եք մեզ Ձեր ամբողջ պաշտոնավարման ընթացքում: Ձեր ելույթներում Դուք հիշեցրիք հայերին և աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ իրեն տառապանք պատճառողների առջև: Դուք համարձակորեն դատապարտել եք Թուրքիայի երեսպաշտությունն ու ցինիզմը և նրա մեղսակցությունը Բաքվի հանցագործություններին: Այս հակամարտության մեջ սիրիացի ջիհադիստների օգտագործումը մեկ անգամ ևս բացահայտում է այդ կառավարությունների այլասերվածությունը և ներկայացնում է ահաբեկչական սպառնալիքը, որը Թուրքիան մոտեցնում է Եվրոպայի և Ռուսաստանի դարպասներին: Բաքուն անխտիր թիրախավորում է խաղաղ բնակիչներին և լրագրողներին՝ օգտագործելով արգելված կասետային զինամթերք՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր չափանիշները: Ձեր և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունը կարևոր է մեզ համար: Ես ձեզ կոչ եմ անում գործել և փրկել մեր ժողովրդին՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան երկիր, որը պաշտպանվում է նույն միջազգային օրենսդրությամբ, ինչպես մյուսները, տնտեսապես պատժել Ադրբեջանին և Թուրքիային իրենց հանցագործությունների համար և ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Ես հավատում եմ Ձեզ և ամբողջ սրտով հուսով եմ, որ մեր հումանիստական և ժողովրդավարական արժեքները կհաղթեն այս անպարկեշտ բռնապետություններին, որոնք միայն շարժվում են ագահությամբ և իշխանության ծարավով: Հայաստանը քաղաքակրթության բաստիոն է, որը պետք է պաշտպանել»,- նշված է Շառլ Ազնավուրի դստեր՝ Սեդա Ազնավուրի ֆեյսբուքյան էջում տեղադրված նամակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր