211652_close_icon
views-count8326 դիտում article-date 15:01 14-10-2020

Հայ ժողովուրդը մեկ անելիք ունի՝ հասնել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման. Փաշինյան

Հայ ժողովուրդը մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին եւ հասնել անշրջելի հաղթանակի՝ այն է Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին հղած ուղերձում: «Մեր հզոր նախնիների՝ Արտաշես Արքայի, Տիգրան Մեծի, Աշոտ Երկաթի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի մեր մյուս նահատակների եւ հերոսների հոգիները, ոգին եւ ուժը մեզ հետ են այսօր: Այսօր հայությունը համախմբված է քան երբեւէ. հարյուր հազարավոր հայեր այս օրերին ֆինանսական, տնտեսական, լրատվական, քաղաքական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին եւ Արցախին»,-«[url=https://armenpress.am/arm/news/1031557.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ հայկական կողմն ունեցել է բազմաթիվ կորուստներ: «Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, եւ ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի՝ ապրելու իրավունքը, պաշտպանեցին մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան: Եվ ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների եւ հատկապես մայրերի առաջ եւ նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը»,-նշեց վարչապետ Փաշինյանը՝ մեկ րոպե լռությամբ խոնարհվելով զոհերի հիշատակի առջև: Նա նշել է, որ պատերազմի 18 օրվա ընթացքում հայկական հերոսական զորքերը հյուսիսային եւ հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում: Այսուհանդերձ, Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտերով, մարդուժի եւ տեխնիկայի կորուստներ կրելով վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ՝ մարդուժի և տեխնիկայի: «Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն: Այս արձանագրումը, սակայն, չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով: Այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետեւ պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը եւ մեր հաշվարկներով ավելի քան 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը: Բայց այսօրվա իմ ուղերձի հիմնական նպատակը մեր անելիքի ու ռազմավարության մասին խոսելն է եւ այդ անելիքի շուրջ մեր համազգային համախմբումը քաջալերելն է: Եվ ուրեմն, անհրաժեշտ է արձանագրել, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ: Այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները ջանքեր են գործադրել հրադադարի հաստատման հասնելու ուղղությամբ: Ընդունվել է երեք երկրների նախագահների, ԱԳ նախարարների հայտարարություն, հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությունը: Ես ուզում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին շնորհակալություն հայտնել իրենց գործադրած ջանքերի համար: Շնորհակալ եմ՝ ԱՄՆ վարչակազմին, այս ընթացքում գործադրած եւ հետագա բոլոր ջանքերի համար: Շնորհակալ եմ Ֆրանսիային և նախագահ Էմանուել Մակրոնին՝ պատերազմի սանձազերծման հենց առաջին օրերից իրերն իրենց անունով կոչելու վճռականության եւ հետագա ջանքեր գործադրելու պատրաստակամության համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ այս ընթացքում ինտենսիվ կապ ենք պահպանում: Այս օրերին Ռուսաստանը կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի եւ Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը, եւ համոզված եմ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ եւ աներկբա՝ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն: Եվ մենք՝ հավատարիմ լինելով Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, ուզում եմ ընդգծել վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ դարձնելու համար: Այս ջանքերը, սակայն, մինչեւ օրս բավարար չեն եղել թուրք-ադրբեջանաահաբեկչական խմբավորմանը սանձելու համար, որովհետեւ խնդիրը, որ այդ խմբավորումը իր առաջ դրել է ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլ ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակելը: Բայց այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետեւ սա ճակատագրական պատերազմ է մեր ժողովրդի համար: Սփյուռքի հարյուրավոր համայնքներում այս օրերին մեր հայրենակիցները համերաշխության, բողոքի ու աջակցության բազմահազարանոց խաղաղ հավաքներ են անում՝ օրակարգում ունենալով երկու կոնկրետ հարց՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում, թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայի դատապարտում: Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, եւ այս կուլմինացիան պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ: Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ այդ վերջի անունն է Ազատ եւ Երջանիկ Արցախ, Ազատ եւ Երջանիկ Հայաստան: Այսօր, հիմա, այս վճռական պահին մեզնից յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրը՝ ամեն ոք պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա: Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը, Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. ահա թե ինչը պիտի լինի մեր ջանքերի կիզակետը Սփյուռքում թե Հայաստանում: Մենք մեր սուգը պետք է վեր ածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության: Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը, ու մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատը»,-ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր