211652_close_icon
views-count226 դիտում article-date 12:48 13-10-2020

Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից. ԿԳՄՍՆ

Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցների, ինչպես նաև մի շարք մանկապատեզների շենքներն ու օժանդակ շինությունները: Ադրբեջանական ագրեսիայի պատճառով հազարավոր երեխաներ զրկված են նաև մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, երիտասարդները չեն շարունակում կրթությունը բուհերում: Հիշեցնենք, որ, արձագանքելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանի նամակներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն էր հայտնել ԼՂ հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներին, մշակութային և կրոնական վայրերին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ էր արել նաև զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց՝ ապահովել կրթության իրավունքը «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ընթացքում:

Նմանատիպ նյութեր