211652_close_icon
views-count2580 դիտում article-date 21:33 12-10-2020

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի թիրախավորումը

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Արցախի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարում մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացում: Որպես Ղազանչեցոց եկեղեցական համալիր հայտնի տաճարը կառուցվել է 19-րդ դարում, ապա վերակառուցվել 1990-ականներին՝ պատերազմից հետո, և դարձել տարածաշրջանի վերածննդի խորհրդանիշ: «Ամբողջ աշխարհում ծավալած մեր գործունեության միջոցով ականատես ենք եղել, թե մշակութային ժառանգության ոչնչացումն ինչպիսի անդառնալի կորուստ է ինչպես տեղական համայնքների, այնպես էլ համաշխարհային պատմության տեսակետից, քանի որ ընդմիշտ խզում է մեր կապերը անցյալի հետ` վերքեր հասցնելով ժողովուրդների ինքնությանը: Ուստի, մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ մշակութային ժառանգության վայրերը որևէ կերպ թիրախավորելուց: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը հավատարիմ է բոլոր համայնքների հետ համագործակցելու միջոցով համայն աշխարհում մեր ընդհանուր պատմությունը պահպանելու իր առաքելությանը»,- նշված է հայտարարությունում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր