211652_close_icon
views-count7005 դիտում article-date 16:13 10-10-2020

Ուխտադրուժ Ադրբեջանին կկանգնեցնի միայն Արցախի ճանաչումը. Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը. «Խստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։ Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»։

Նմանատիպ նյութեր