211652_close_icon
views-count70033 դիտում article-date 11:44 10-10-2020

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են «X6»-ն ու Nissan-ը. 3 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են. «X»-ի վրայից վարորդը համարանիշները պոկեց ու «Մակարովի գյուլի նման» դիմեց փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Գյուլբենկյան փողոցի թիվ 34 շենքի դիմացի հատվածում բախվել են Երևան քաղաքի Վաղարշան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Թամարա Աղամիրյանի վարած BMW X6 մակնիշի 50 XX 550 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 26-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած Nissan մակնիշի 36 MX 451 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Գ. Խաչատրյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 20-ամյա Անի Թովմասյանը և 26-ամյա Արգիշտի Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները։ Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հերթապահ խումբը (գիշերային)՝ հերթափոխի պատասխանատու Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Գ. Ծառուկյանը, ում հաձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում «X6»-ի վարորդ Թ. Աղամիրյանը ճանապարհային ոստիկաններից թաքուն պոկեց ավտոմեքենայի վրայի հետևի համարանիշներն ու «Մակարովի գյուլի նման» դիմեց փախուստի՝ դեմքը փակելով մարզական «կուրտկայի» վրայի գլխարկով, սակայն ՃՈ հերթափոխի պետ Ա. Գրիգորյանը իր գործընկերների հետ ճողոպրած «X6»-ի վարորդին, ինչպես նաև համարանիշները հայտնաբերեցին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր