211652_close_icon
views-count8847 դիտում article-date 23:14 08-10-2020

Խաղաղ բնակչության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ անտարբերությունը որևէ արդարացում չունի. «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հանրային նախաձեռնություն

[b]Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Ժոնաթան Լաքոտին, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Սերգեյ Կոպիրկինին, Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն տիկին Լին Թրեյսիին. [/b] Նորին գերազանցության պատվարժան դեսպաններ, 2020թ. սեպտեմբերի 27-ից Թուրքիան և Ադրբեջանը համատեղ լայնածավալ պատերազմ են սկսել Արցախի Հանրապետության դեմ, որը սպառնում է տարածաշրջանի կայուն խաղաղությանը և միտված վիժեցնելու Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը: Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, տարիներ շարունակ դրսևորելով բացահայտ կողմնակալ դիրքորոշում՝ Թուրքիան, ըստ էության, դարձել է հակամարտության կողմ, ուստի որևէ ձևաչափով չի կարող մասնակցել հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Ակնհայտ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այսօր Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվում է ծանրագույն հանցագործություն՝ նպատակ հետապնդելով արցախցիներին զրկել իրենց հայրենիքում ապրելու բնական իրավունքից: Միջազգային հանրությունը պետք է գիտակցի այս իրողությունը՝ մեկ անգամ ևս համոզվելով, որ որևէ պարագայում և որևէ ձևաչափով Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում: Հարկ է արձանագրել, որ խաղաղ բնակչության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ անտարբերությունը որևէ արդարացում չունի: Գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է գործադրեն իրական ջանքեր՝ սանձազերծված պատերազմը դադարեցնելու համար, քանի որ Թուրքիայի ներգրավմամբ ձեռնակված պատերազմն ուղղակի մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհի դեմ: Արցախի հիմնախնդիրը, այո՛, պետք է լուծել: Տևական խաղաղության հաստատումը բխում է առաջին հերթին Հայաստանի և Արցախի շահերից: Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե հարցը դիտարկվում է բացառապես քաղաքական հարթության վրա: Նորին գերազանցության պատվարժան դեսպաններ, Արցախյան հիմնահարցն ի սկզբանե հանդիսացել է որպես ինքնորոշման իրավունքի խնդիր, որի նպատակն է եղել ապահովել արցախահայության իր երկրում անվտանգ ապրելու իրավունքը՝ զարգացման վստահելի երաշխիքներով: Խորապես համոզված ենք, որ անկախ Արցախը քաղաքակիրթ աշխարհի դեմքն է, և նրա միջազգային ճանաչումը կերաշխավորի այնտեղ ապրող մարդկանց կյանքի իրավունքը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, հորդորում ենք Ձեզ, գործադրել բավարար, արդյունավետ ու առավելագույն ջանքեր. 1. Վիժեցնելու տարածաշրջանում որևէ դերակատարություն ունենալու Թուրքիայի նկրտումները: 2. Ձեռնարկել գործուն քայլեր՝ խնդրի լուծումը հակամարտության խաղաղ կարգավորման հուն տեղափոխելու համար՝ հիմնված իրատեսության վրա, որը պետք է ունենա որոշակիություն և տեսանելի ավարտ: 3. ԵԱՀԿ մինսկի խմբում քննության առնել Թուրքիային հեռացնելու հարցը: 4. Իրական ջանքեր գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը միջազգային իրավասու կառույցների կողմից հետաքննելու, պատերազմի հանցագործներ, տարածաշրջանը միջազգային իսլամիստական ահաբեկչական խմբավորումների թատերաբեմ դարձրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Արդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանատվության հարցը քննության առնելու համար: [b]«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հանրային նախաձեռնություն[/b]

Նմանատիպ նյութեր