211652_close_icon
views-count121172 դիտում article-date 14:02 08-10-2020

Զորահավաքային զինվորական ծառայությունը համարվում է զինվորական ծառայության տեսակներից. ՀՀ Զինվորական դատախազություն

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով և բնականոն հունով շարունակվում է ընդհանուր զորահավաքի իրականացումը, որի շրջանակներում զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր և պատվով ու անձնվիրաբար կատարում իրենց առջև դրվող մարտական խնդիրներն ու պարտականությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ Զինվորական դատախազությունից: «ՀՀ զինվորական դատախազությունը հանրային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև նախազգուշացման նկատառումներով հարկ է համարում տեղեկացնել և պարզաբանել հետևյալը՝ զորահավաքային զինվորական ծառայությունը, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, համարվում է զինվորական ծառայության տեսակներից: Այսինքն՝ զորահավաքի միջոցով զորակոչված անձանց համար նախատեսված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական զինվորական ծառայողների համար: Ըստ այդմ՝ ՀՀ զինվորական դատախազությունը զգուշացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն ինչպես զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, այնպես էլ նույն նպատակով ծառայության չներկայանալը համարվում է դասալքություն: Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նշված արարքների կատարումը պատժվում է ազատազրկմամբ վեցից տասներկու տարի ժամկետով: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելու համար, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ։ Այս արարքները ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարելը պատժվում է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով։ Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության խորը և համընդհանուր գիտակցության պայմաններում ՀՀ զինվորական դատախազությունը հարկ է համարում, այնուամենայնիվ, նշելու, որ նմանատիպ հնարավոր դրսևորումներին տրվելու են խիստ քրեաիրավական գնահատականներ»,-նշված է ՀՀ Զինվորական դատախազության հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր