211652_close_icon
views-count462 դիտում article-date 19:16 07-10-2020

2020թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրվել է 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2020թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ գումար: Օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշներով 2020թ. 9 ամիսների համար նախատեսված էր 999.1 մլրդ դրամ: Միայն հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 916.7 մլրդ դրամ` ի տարբերություն 2019թ. նույն ժամանակահատվածի 901.6 մլրդ դրամի: Մաքսային մարմինների կողմից հավաքագրված եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019թ. համադրելի 266.8 մլրդ դրամի փոխարեն: Տնտեսվարողներին վերադարձված գումարը կազմել է 98.9 մլրդ դրամ` 2019թ. նույն ժամանակահատվածում վերադարձված 90.2 մլրդ դրամի փոխարեն: Չնայած համավարակի ազդեցությանը և տնտեսական զարգացումների վերաբերյալ բացասական կանխատեսումներին, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության համար տրամադրված մեծածավալ արտոնություններին` հարկային եկամուտների ծավալն ավելացել է, ինչը չենք կարող ասել մաքսային վճարների վերաբերյալ, որոնք 2020թ. ընթացքում նվազել են` հիմնականում տրանսպորտային միջոցների ներկրման մեծ ծավալների բացակայության պատճառով: Չնայած ստեղծված անհարմարություններին, միաժամանակ ոչ պակաս կարևորելով տնտեսական կայունության ապահովման անհրաժեշտությունը` կոմիտեն շարունակում է իր անտեսանելի վարչարարությունը և վերահսկողությունը: Ստուգումներ են իրականացվում այն տնտեսվարողների մոտ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից: Պետական եկամուտների կոմիտեն հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել յուրաքանչյուր տնտեսվարողի օրինապահ վարքագծի կարևորությունը, առավել ևս ստեղծված իրավիճակում, երբ առկա մարտահրավերները բոլորիս պարտադրում են համախմբվել և հաղթական քայլերով կերտել մեր երկրի ապագան: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր