211652_close_icon
views-count479 դիտում article-date 12:46 05-10-2020

Պատերազմի ժամանակ ուսուցիչը նույնպես դառնում է զինվոր.ՀՀ նախագահը շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը նշել է՝ պատերազմի ժամանակ ուսուցիչը նույնպես դառնում է զինվոր «Սիրելի ուսուցիչներ, Շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ: 1990 թվականին, կիսատ թողնելով ուսումը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Թաթուլ Կրպեյանը մեկնեց Հյուսիսային Արցախի Գետաշեն գյուղ և աշխատանքի անցավ տեղի դպրոցներում՝ որպես հայ ժողովրդի պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Բայց նա առաջին հերթին հայրենիքի զինվորն էր ու զոհվեց հանուն նրա ազատության՝ հռչակվելով Ազգային հերոս: Այս օրերին անձնազոհաբար այդ ազատությունն են պաշտպանում մեր ժողովրդի հերոս զավակները՝ կրկի՛ն հերոսական Արցախում, կրկի՛ն նույն թշնամուց: Պատերազմի ժամանակ ուսուցիչը նույնպես դառնում է զինվոր: Պատերազմից հետո նաև զինվորն է դառնում ուսուցիչ: Հիշենք մեր պատմությունը, հիշենք երկրորդ համաշխարհային պատերազմը, հիշենք արցախյան ազատամարտը: Նայենք այսօրվան, երբ ձեր աշակերտներն անհրաժեշտ պահին մարտադաշտում են՝տարբեր տարիքի ու տարբեր կրթությամբ,տարբեր գիտելիքի տեր ու տարբեր ընտանիքներից, բայց բոլորը հայրենասիրության դասը լավ սերտած, ա՛յն դասը, որի ակունքներում դուք եք: Այդ դասը սկսվում է ընտանիքից ու ծնողից, շարունակվում դպրոցի առաջին դասարանից՝ ձեր միջոցով, ու երբեք չի ավարտվում, որովհետև շարունակվում է նաև դպրոցից հետո: Այն սոսկ հայրենասիրության դաս չէ: Այն արժեքների ու բարոյականության դաս է: Հայրենիք ու հավատք, լեզու և մշակույթ, ընտանիք և օջախ. այս անխորտակելի սյուների վրա է հենվում մեր ինքնությունը դարեր շարունակ: Այսօր էլ չեն փոխվել ո՛չ այդ արժեքները, ո՛չ այդ արժեքների սպառնալիքները, ոչ էլ սպառնացողները: Ամենակարևորը՝ չենք փոխվել մենք` որպես միասնական ժողովուրդ, որպես տեսակ: Չենք փոխվել նաև ձեր շնորհիվ: Կրթությունն ինքն արժեք է, բոլոր արժեքները միավորող արժեք, դուք՝ այդ արժեքների սերմնացանները: Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ՝ պատերազմ թե համավարակ, փորձություն է նաև կրթական համակարգի համար: Վստահ եմ, որ ձեզ նման մարդկանց՝ ՈւՍՈՒՑՉԻ շնորհիվ բոլոր փորձությունները ոչ միայն հաղթահարվելու են, այլև համակարգն ինքն է ավելի ուժեղ դառնալու: Մեր երկի՛րն է ավելի ուժեղ դառնալու: Շնորհակալ եմ, սիրելինե՛րս: Առողջ եղեք: Աստված պահապան բոլորիս»,-ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր