211652_close_icon
views-count2979 դիտում article-date 17:45 04-10-2020

Արայիկ Հարությունյան. Այսօր իմ հրամանագրով ևս 5 հոգի արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման, մեկը՝ հետմահու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր իմ հրամանագրով ևս 5 հոգի արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: «Դավիթ Լյովայի Գրիգորյան, 2020-ի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով՝ հասցրել է Կարախանբելի-Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա: Էդգար Էդվարդի Մարկոսյան. այս պատերազմի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իր վստահված հատվածը: Յուրա Հայկարամի Ալավերդյան. Կարախանբելի-Ֆիզուլի հատվածում 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել: Գնդապետ Շաքարյանը Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է, կազմակերպել է բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ հակառակորդին պատճառելով բավականին մեծ կորուստներ: Դավիթ Վանիկի Ղազարյան՝ ցավոք, հետմահու. վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, նա իրականում հերոսություն է կատարել»,-ներկայացրեց Հարությունյանը: Ինչ վերաբերում է իր առաջնագիծ գնալուն, Հարությունյանն ասաց, թե մտահոգվելու բան չի եղել. «Մենք առաջին հերթին պետք է ոգևորենք մեր սպաներին, զինվորներին, որոնք իրականում ամեն օր կենաց-մահու կռիվ են տալիս թշնամու դեմ»,- նշեց նա: ԱՀ նախագահը հայտարարեց՝ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրը, հրամանատարից, գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր, որը գտնվում է առաջնագծում, փայլուն կատարում են: «Ուզում եմ հպարտությամբ ասել, որ իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը, ոչ թե սպառազինություններով ամենազինված, ամենաուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը»,- հայտարարեց նա: Նրա խոսքով՝ զինվորները, սպայական կազմը հրաշքներ են գործում՝ վտանգելով իրենց կյանքը, անտեսելով մահը։ «Մեզ դա է պետք. եթե մենք հաղթահարենք այդ բարդույթը, հաղթելու ենք. մենք բոլորս պետք է պատրաստ լինենք զոհվելու»,-ասաց նա: ԱՀ նախագահը հիշեցրեց՝ հակառակորդն արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է ոչ միայն բնակավայրերը, այլև Ստեփանակերտը՝ Սմերչով, Պոլոնեզով, տարբեր ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերով, ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին պտտվում են տարբեր անօդաչու թռչող սարքեր և չեն դադարում հրթիռակոծել Ստեփանակերտը: «Մենք նրանց զինվորական մշտական տեղակայման վայրերին խփել ենք. խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել: Ուշքի եկեք, որովհետև շարունակելու ենք այլ քաղաքների և եթե անհրաժեշտություն լինի, ավելի մեծ քաղաքների: Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ»,-ասաց նա: Նա կոչով դիմեց հայրենակիցներին. «Իրականում սա սրբազան պատերազմ է, հայրենական պատերազմ է: Ուզում եմ, որ շարունակվի մնալ այս համախմբվածությունը՝ առաջին հերթին օգնելու մեր տարհանվածներին, նրանց, ովքեր կարիք ունեն: Ուզում եմ՝ համախմբվենք իշխանությունների շուրջը, որովհետև այսօր, քան երբևէ ԱՀ և ՀՀ իշխանության դերը բարձր է, մեծ է, պատասխանատու է, վճռորոշ է: Ուզում եմ՝ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների դեմ: Ես ուզում եմ՝ հայերը գիտակցեն, որ գերի է Ադրբեջանի ժողովուրդը բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին»,-ասաց Հարությունյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հաղթանակը մերն է լինելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր