211652_close_icon
views-count1572 դիտում article-date 16:04 27-09-2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց աղոթք Արցախի և Հայոց բանակի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 27-ին՝ Սուրբ Պատարագից հետո, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում կատարվեց աղոթք Արցախի անսասանության և Հայոց բանակի ոգու ամրության համար։ Նախագահությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող միաբանները միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ հայցելով, որ Տերն ապահով ու անվտանգ պահի Հայոց Արցախ աշխարհը, անառիկ՝ հայրենի սահմանները, ամուր և քաջ՝ հայ զորականներին՝ շուտափույթ խաղաղություն պարգևելով Արցախի մեր ժողովրդին։ Ծնրադիր աղոթքից առաջ Նաթան արքեպիսկոպոսն իր խոսքն ուղղեց ներկաներին՝ նշելով, որ խաղաղարար լինելու երանությունը հայոց ազգը դարեր շարունակ է փաստել։ «Այսօր մենք աղոթում ենք մեր զավակների համար, որ այս պահին կյանքի ու մահու կռվի մեջ են, աղոթում ենք առ Աստված, որ ուժ տա նրանց բազուկներին և պահպանի նրանց։ Մենք աղոթում ենք, որ Աստված մեր զորավարներին և մեր զինվորյալներին այնպիսի զորություն տա, որ այլևս ոչ մի թշնամի չհամարձակվի հարձակվել մեր հայրենի տան վրա։ Եվ, վստահ ենք, որ Աստված մեզ հետ է, վստահ ենք, որ մեր զինվորները դուրս կնետեն ինչպես, որ գիտենք վերջին տասնամյակների ընթացքում, մեր սահմաններից որևէ հարձակվողի», - ասաց Սրբազանը՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակ անց մեր ողջ ժողովուրդը իր գոհաբանական աղոթքը կբարձրացնի առ Աստված մի նոր հայրենական, ազգային հաղթանակի համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր