211652_close_icon
views-count2712 դիտում article-date 14:30 27-09-2020

Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Եվրոպայի Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ: «Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրություններով։ Ես կոչ եմ անում մեր անդամ պետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին, ցուցաբերել պատասխանատվություն և զսպվածություն՝ անհապաղ դադարեցնելով ռազմական գործողությունները։ Անդամակցելով Եվրոպայի Խորհրդին, երկու երկրներն էլ պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ միջոցներով, և այդ պարտավորությունը պետք է խստորեն պահպանվի»,- նշել է Փեյչինովիչ-Բուրիչը: ԵԽ Գլխավոր քարտուղարը նշել է, որ այս դժվարին ժամանակներում իր մտքերն ուղղված են քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ երեխաներին, կանանց և տարեց մարդկանց: «Եվրոպայի Խորհրդի անունից ես կոչ եմ անում մեր երկու անդամ պետությունների իշխանություններին անել հնարավորը՝ մարդկային կյանքեր պաշտպանելու և ռազմական հակամարտության մեջ չներքաշվելու համար։ Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը հակամարտության էսկալացիան դադարեցնելու համար»,- ասել է նա: Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը ԵԽ աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու գործում։

Նմանատիպ նյութեր