211652_close_icon
views-count2397 դիտում article-date 13:37 27-09-2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի ակտը. հայտարարություն

[b]Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ[/b] Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վճռականորեն դատապարտում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից մեր Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի ակտը: Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը, որի ընթացքում թիրախավորվել է այդ թվում նաև Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությունը, դաժան հանցագործություն է, որի համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ենթակա է միջազգային քրեական պատասխանատվության: Ադրբեջանի ռազմական ագրեսիան համարում ենք Արցախի Հանրապետության բնակչության դեմ մասսայական և կանոնավոր հարձակումների շղթայի հերթական օղակը, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից հակամարտության ամբողջ ընթացքում ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, ինչը միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի չդադարող խախտումների պայմաններում, Ադրբեջանի հանցավոր գործողությունների համար միջազգային հանրության համարժեք և ադեկվատ պատասխան կդառնա Արցախի փաստացի անկախության ճանաչումը, ինչը թույլ կտա երկարաժամկետ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Միջազգային գործընթացներում Արցախի Հանրապետության ինտեգրման, Հանրապետության իշխանությունների հետ ուղիղ երկխոսության, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ակտիվացման միջոցով միջազգային հանրությունը կցուցադրի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված Ադրբեջանի ագրեսիվ, անօրինական և հանցավոր գործողությունների անընդունելիությունը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն արցախցիների ազատության և անկախության իրավունքների, օգտագործել իրենց ամբողջ հեղինակությունը ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և մասսայական արյունահեղությունը կանխելու համար: [b] Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր