211652_close_icon
views-count1133 դիտում article-date 16:49 26-09-2020

«Զինառ»-ը ՊՎԾ-ի կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացրել է անհամաձայնության տեղեկանք

«Զինառ» ՓԲԸ տնօրենը համաձայն չի ՀՀ պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն արձանագրվել է շուրջ 160 միլիոն դրամի խախտում: «[url=https://armenpress.am/arm/news/1028893.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում՝ «Զինառ» ՓԲԸ տնօրեն Արմեն Սարգսյանն ասաց, որ ներկայումս այդ գործը նախաքննական փուլում է: «Մենք Պետական վերահսկողության ծառայությանը սպառիչ պատասխաններով և թղթային հիմնավորումներով անհամաձայնության տեղեկանք ենք ներկայացրել: Տեղեկանքը բաղկացած է 230 էջից»,- նշեց Սարգսյանը: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփելով «Զինառ» ՓԲԸ-ում կատարված ուսումնասիրությունը, հայտնել էր, որ 2017-2019 թթ․ գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 160 միլիոն դրամի խախտում: Այդ հանգամանքի վերաբերյալ Սարգսյանը հայտնեց, որ սպասում են, որպեսզի քննչական մարմինը պարզի, արդյոք այդ թվերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ: ՊՎԾ-ն ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել էր նաև, որ «ԶԻնառ»-ում չեն պահպանվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և նման պայմաններում 2017-2019 թվականների ընթացքում Ընկերության կողմից ձեռք է բերվել շուրջ 91 մլն դրամի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։ Անդրադառնալով այս հարցին Սարգսյանն ընդգծեց, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, եթե գումարի սղության խնդիր կա և հնարավոր չէ գնումներ հայտարարել, ապա կարելի է գնումն իրականացնել մեկ անձից: «Այն գործարքը, որը պետք է կատարվեր 2019-ին, հաստատվել է ապրանքը հանձնելուց 20 օր առաջ: Այդքան օրում հնարավոր չէ կազմակերպել գնման գործընթաց և ապրանքը մատակարարել ՊՆ: Գնումներն իրականացվել են անմիջապես նախարարության հետ աշխատող կազմակերպությունների հետ»,- նշեց «Զինառ»-ի տնօրենը: ՊՎԾ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նաև այլ խախտումներ: Ընկերության կողմից խանութ-թեյարանների գծով իրականացված գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 82 մլն դրամի խախտում, մասնավորպես, խանութ-թեյարանների վարձավճարների հաշվարկման կարգի խախտմամբ պայմանագրային գների հաշվարկման արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել, առանց պայմանագրերի, կամ առանց որևէ իրավական հիմքերի գործել են խանութ-թեյարաններ, կնքված պայմանագրերով սահմանված չափից վարձավճարները պակաս են հաշվարկվել և գանձվել։ Ընկերությանը պատկանող արտադրակենցաղային կոմբինատի աշխատակիցներին վճարվել է շուրջ 7.7 մլն դրամ աշխատավարձ այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում արտադրական գործունեություն չի իրականացվել և տվյալ տարածքում արտադրական գործունեություն է իրականացրել մեկ այլ ընկերություն։ Ավելին, կոմունալ ծառայությունների համար շուրջ 1.2 մլն դրամ «Զինառ» ՓԲԸ-ն վճարել է գործունեություն իրականացրած կազմակերպության փոխարեն։ 2017-2018 թվականների ընթացքում որպես փաստացի ծախս ավել է արտացոլվել, կամ շահույթը պակաս է հաշվարկվել շուրջ 50 մլն դրամով, որից զուտ շահույթը պակաս է հաշվարկվել և ՀՀ ՊՆ արտաբյուջե պակաս է վճարվել շուրջ 32 մլն դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե պակաս շահութահարկ է վճարվել շուրջ 8 մլն դրամ: 2017-2018 թվականների ընթացքում Ընկերության դրամարկղից կանխիկ ելքագրված և առհաշիվ տրված գումարներից շուրջ 12 մլն դրամի իրականացված ծախսերը չեն հիմնավորվել՝ բացակայել են ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, Հաստիքացուցակում ներառվել է լիազոր ներկայացուցչի հաստիք, որը հակասում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը, իսկ լիազոր ներկայացուցչին վճարված շուրջ 4.5 մլն դրամի աշխատավարձը չի հիմնավորվել։ Կանոնակարգված չէ զորամասերում ինչպես սուրճի վենդինգային ապարատների տեղադրման, այնպես էլ խանութ-թեյարանների շահագործման գործընթացը: Չի հիմնավորվել Ընկերության կողմից սուրճի վենդինգային ապարատների տեղադրման համար տարածքների հատկացումը: 2019թ-ին թվով 10 զորամասերում գործել են թվով 15 սուրճի վենդինգային ապարատներ առանց պայմանագրերի կամ որևէ իրավական հիմքերի, որի արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել։ Չի պահպանվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և նման պայմաններում 2017-2019 թվականների ընթացքում ընկերության կողմից ձեռք են բերվել շուրջ 91 մլն դրամի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։ Համադրելով ստացված արդյունքը և ծախսված միջոցները՝ արդյունավետության վերահսկողության տեսանկյունից առաջարկվել է դադարեցնել «Զինառ» ՓԲԸ-ի հետագա գործունեությունը՝ նույն գործառույթները վերապահելով ՊՆ համապատասխան ստորաբաժանումներին: Տեղեկանքի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

Նմանատիպ նյութեր