211652_close_icon
views-count3047 դիտում article-date 11:44 24-09-2020

Հրայր Թովմասյանը հայտնեց՝ ինչ գործոններով է առաջնորդվելու ՍԴ նախագահ ընտրելիս

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը հորդորում է դատարանի նախագահի ընտրությունը դարի հարց չդարձնել, դա քաղաքական ընտրություն, քաղաքական պայքար չէ, անգամ հայացքների պայքար չէ: «[url=https://armenpress.am/arm/news/1028607.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Թովմասյանը նման տեսակետ հայտնեց ընտրությունից առաջ լրագրողների հետ զրույցում: «Անգամ օրվա հարց մի դարձրեք, որովհետև Սահմանադրական դատարանի նախագահը իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից: Ինքն ընդամենը ունի մեկ առաքելություն՝ ՍԴ-ի բնականոն գործունեությունը ապահովելը: Եվ հարցադրումներն էլ, ընտրությունն էլ պետք է կատարվի այս ասպեկտով՝ ով է, որ ավելի լավ կկատարի: Սա քաղաքական ընտրություններ չեն, քաղաքական պայքար չէ, հայացքների պայքար չէ: Սա անձերի պայքար չպետք է դիտարկել, ընդամենը ներքին փոքրիկ պրոցեդուրա է»,-ասաց նա ու նկատեց՝ այն երկրներում, որ ՍԴ-ի նախագահի ընտրությունները վերապահվել են հենց ՍԴ-ին, անցնում են շատ աննկատ, անգամ կարող է երկար ժամանակ անցնի, նոր մարդիկ իմանան, թե ով է ՍԴ նախագահը: Թովմասյանը նշեց, որ իր քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու է երեք ասպեկտով: «3 գործոն ինձ համար էական նշանակություն ունի: Առաջինը՝ պրոֆեսիոնալ հատկանիշներն են, և ներսում, և դրսում մասնագիտական առումով պետք է հեղինակություն լինի: Սա շատ կարևոր է Սահմանադրական դատարանի նախագահի համար: Երկրորդն իր մարդկային հատկանիշներն են, թե որքանով է ինքը ունակ ՍԴ-ում իրականում ապահովել այնպիսի մթնոլորտ, որ հնարավորություն տա մարդկանց աշխատել: Եվ երրորդը՝ վարչական, կազմակերպչական ունակություններն են»,-ասաց Թովմասյանը: Թովմասյանը նշեց՝ տասնյակ հարցեր ունի այն թեկնածուներին, որոնք կառաջադրվեն կամ կինքնառաջադրվեն: Նրա խոսքով՝ ինքը կկիսվի իր փորձով, քանի որ ունի որոշակի փորձ, կհասկանա, այդ թեկնածուն համապատասխանում է, թե ոչ: «Եվ եթե չգտնեմ այն թեկնածուին, որ կարծում եմ՝ կկարողանա դա անել, բոլորին դեմ կքվեարկեմ: Կտեսնեմ, որ ինչ-որ մեկը կա, կողմ կքվեարկեմ»,-ասաց Թովմասյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչպես է պատկերացնում իր գործունեությունը ՍԴ-ում՝ հաշվի առնելով դատարանի շուրջ վերջին գործընթացները, Թովմասյանն ասաց՝ դրանք իրարից պետք է բաժանել: ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին ընտրել է սեպտեմբերի 15-ին: Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը: Դատավորները փակ նիստում սեպտեմբերի 24-ին ընտրում են ՍԴ նախագահ:

Նմանատիպ նյութեր