211652_close_icon
views-count1845 դիտում article-date 10:51 23-09-2020

Ոչ աննախադեպ իրավիճակ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հոկտեմբերի 8-ին ընդդիմադիր երեք կուսակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» հանրահավաք են անցկացնելու: Պահանջն ավանդական է բոլոր ընդդիմադիրների համար՝ երկրի ղեկավարի հրաժարականը: 1992 թվականից իր վեր ընդդիմությունը հենց դա՛ է պահանջում՝ պնդելով, որ այդ հրաժարականը հրատապ անհրաժեշտություն է, իսկ հակառակ դեպքում երկիրը կործանվելու է: Գրեթե 30 տարվա ընթացքում ընդդիմության այդ պահանջը կատարվել է միայն մեկ անգամ՝ 2018 թվականին: Բայց ներկայիս ընդդիմադիր շարժումն ակնհայտորեն այդ դեպքը չէ. 1/ այժմ չկան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք սատարում են հրաժարականի պահանջին՝ իշխանությունը դեռ չի հասցրել այդ աստիճանի, մեղմ ասած, հոգնեցնել քաղաքացիներին, 2/ ներկա ընդդիմադիրները չեն պատրաստվում պարալիզացնել հանրապետության կյանքը, փողոցներ փակել, պառկել մեքենաների տակ և այլն, 3/ եթե անգամ նման մտադրություն լինի, «ժողովրդի իշխանության» ոստիկանությունը դա թույլ չի տա: Մոտակա երկու շաբաթների ընթացքում իշխանությունն, իհարկե, կմոբիլիզացնի իր ամբողջ ռեսուրսը՝ վերոհիշյալ երեք կուսակցությունները և դրանց հանրահավաքը վարկաբեկելու համար: Բացառված չէ, որ քննչական մարմինները նոր կոմպրոմատներ պեղեն, ինչպես նաև ակտիվացնեն իրենց ջանքերն արդեն եղած վարկաբեկիչ նյութերն ասպարեզ բերելու համար: Շատ հնարավոր է նաև, որ այդ կոմպրոմատները դարձյալ սկզբից հրապարակել կտան ռուսաստանյան լրատվամիջոցներում, այնուհետև կտարածեն Հայաստանում: Քարոզչական աշխատանքի հիմնական ուղղություններն են՝ ա/ ընդդիմադիրները Ռուսաստանի լրտեսներ են, բ/ նրանք կոռումպացված են, գ/ նրանց հետևում երևում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ականջները: Առավել ուշագրավ է, իհարկե, առաջին մեղադրանքը. եթե այդ մարդիկ լրտեսներ են, ապա նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ: Եթե նրանց այդ ծանրագույն մեղադրանքով հանդերձ օրենքով չեն հետապնդում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը, դա էլ է խնդիր՝ ստացվում է, որ դաշնակցի լրտեսները կարող են անարգել գործունեություն ծավալել մեր երկրում: Որքան հասկանում եմ, «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները պարտադրված են ելույթներ ունենալու այս երեք ուղղություններով՝ հանրահավաքին ընդառաջ: Չգիտեմ, արդյոք Սայաթ-Նովա փողոցո՞ւմ են նրանք նման կուսակցական հրահանգներ ստանում, թե՞ ինքնուրույն են կողմնորոշվում` ինչպես է պետք ցույց տալ հավատարմությունը «հեղափոխության արժեքներին», բայց դա ցավալիորեն հիշեցնում է 2015-ի փետրվարի հայտնի ժողովը, երբ ՀՀԿ ԳՄ անդամներն իրենց պարտքն էին համարում կարծիք հայտնել նույն Ծառուկյանի մասին՝ «գլխին բամփելու» և «մեխի ու չագուչի» թեմաներով: «Իմ քայլի» պատգամավորները հաճախ հարցնում են՝ «բա լա՞վ էր, որ Սերժի վախտ…»: Դե, իհարկե, վատ էր: Միայն թե պարզ չէ, թե ինչու եք դուք ձեզ «Սերժի վախտվա» պես պահում. չէ՞ որ դուք ավելի լավն եք (իսկապես այդպես եմ կարծում): Իսկ ընդդիմադիր երեք կուսակցությունների պահանջը, բացի նրանից, որ իրագործելի չէ, նաև ժամանակավրեպ է՝ մի՞թե նրանք նոր հեղափոխություն և նոր արտահերթ ընտրություններ են ուզում: Կարծում եմ, իդեալական տարբերակն այն կլինի, եթե ներկայիս իշխանությունը մնա մինչև 2023 թվականը, իսկ այնուհետև, պարտվելով խորհրդարանական ընտրություններում, խաղաղ հեռանա, չփորձի վերարտադրվել: Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանն իսկապես կմնա պատմության մեջ որպես չափազանց դրական օրինակ, որովհետև նման բան 1995 թվականից սկսած չի եղել: Այ դա իսկապե՛ս աննախադեպ կլինի»: [b]Ամբողջությամբ՝թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր