211652_close_icon
views-count1508 դիտում article-date 23:48 21-09-2020

ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները

ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, ներառյալ զենքի էմբարգոն, ասված է շաբաթ երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի արած հայտարարության մեջ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5590574.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Հայտարարության մեջ նշելով, որ Իրանը ահաբեկչության և հակասեմականության աշխարհի առաջատար հովանավորն է` պետքարտուղարն ընդգծել է, որ պատժամիջոցները ուժի մեջ են մտնում շաբաթ օրվա երեկոյան ժամը 20:00-ից՝ Իրանի միջուկային համաձայնագրի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևում դրույթի միջոցով: ԱՄՆ դիմեց այս քայլին, քանի որ Իրանը չի կատարել միջուկային համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները, իսկ Անվտանգության խորհուրդը չկարողացավ երկարաձգել ՄԱԿ-ի զենքի էմբարգոն Իրանի դեմ, որը գործում էր արդեն 13 տարի: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները ամբողջությամբ կկատարեն իրենց ստանձնած պարտավորությունները՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին Վաշինգտոնը կհայտարարի «լրացուցիչ միջոցառումների մասին` ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառումն ուժեղացնելու և խախտողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: «Իրանական ռեժիմի վրա մեր առավելագույն ճնշման արշավը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը մեզ հետ համապարփակ համաձայնության չի եկել զենքի տարածման սպառնալիքները վերացնելու հարցում և չի դադարեցրել քաոսի, բռնության և արյունահեղության տարածումը», - ասվում է հայտարարության մեջ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատժամիջոցների մասին հայտարարությունից ժամեր առաջ մեղադրել էր ԱՄՆ-ին ագրեսիվ վարքագծի մեջ և կոչ արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Այս շաբաթվա սկզբին Վաշինգտոնում պետքարտուղար Պոմպեոն հանդիպել էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ: Չորեքշաբթի օրը կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Պոմպեոն տեղեկացրել էր պատժամիջոցների վերականգման մասին՝ հաջորդ շաբաթվանից սպառազինությունների արգելքը մշտական դարձնելու համար: Ռաաբը ի պատասխան համաձայնություն է հայտնել, որ Իրանին երբեք չպետք է թույլ տալ ստեղծելու միջուկային զենք: Այնուամենայնիվ, նա չի պարզաբանել, թե ինչպես է Մեծ Բրիտանիան իրականացնելու պատժամիջոցները: Օգոստոսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դեմ են հանդես եկել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման ԱՄՆ-ի նախաձեռնությանը` ասելով, որ դա անհամատեղելի է Իրանի միջուկային գործարքին աջակցելու ջանքերի հետ:

Նմանատիպ նյութեր