Զոհրաբ Մնացականյանն ընդգծում է՝ ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացն այլընտրանք չունի
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում հայկական կողմի վճռականությունը՝ շարունակել խաղաղ բանակցային գործընթացը երբեք չի նվազել, խաղաղ գործընթացն այլընտրանք չունի:
«[url=https://armenpress.am/arm/news/1028274.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին վերադառնալ առանց նախապայմանների բանակցության:
«Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով, որ այդ ամենը մենք ասում ենք բացարձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանը և Արցախն ամբողջովին ի զորու են պաշտպանել իրենց, պաշտպանել իրենց շահերը, իրենց սահմանները: Եվ այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այն տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս ամբողջ շրջանում»,-ասաց Մնացականյանը:
Նախարարը հիշեցրեց, որ ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպումը եղել է հունվարին, հետո եղել է համավարակի հետ կապված իրավիճակը: «Սակայն մեր վճռականությունը՝ շարունակելու խաղաղ գործընթացը և բանակցային գործընթացը, երբեք չի նվազել: Եվ մենք պատրաստ ենք: Եվ, երբ որ կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, կլինի հստակություն, մենք կհայտարարենք»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե կա՞ արդյոք հստակություն բանակցությունների սեղան վերադառնալու հարցում, Մնացականյանը պատասխանեց. «Մեր կողմից կա հստակություն, մյուս կողմի համար ոչինչ ասել չեմ կարող: Մենք պատրաստ ենք շատ արագ դա անել, հիմա խոսում ենք համանախագահների հետ, կապի մեջ ենք, աշխատում ենք, կկարողանանք պայմանավորվել, անմիջապես կհայտարարենք»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հրավիրել են նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով: