211652_close_icon
views-count1170 դիտում article-date 15:18 20-09-2020

«Հայ երգը դարերից» ծրագիրը ներկայացնելու է հայ երաժշտության իրական ակունքերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած դրամաշնորհի միջոցով իրականացվում է «Հայ երգը դարերից» ծրագիրը: Ընդհանուր 3 մլն 600 հազար դրամ արժողությամբ ծրագիրը ներառում է կրթական մեծ բաղադրիչ, որի նպատակն է ներկայացնել հայ երաժշտության իրական ակունքերը: Ծրագրի շրջանակներում նկարահանվելու է 5 ֆիլմ՝ «19-րդ դարի Ալեքսանդրապոլի աշուղական դպրոցը», «Շիրակյան ժողովրդական երգերը», «Ազգայինը՝ դասականում և դասականը՝ ազգայինում», «Անդրկովկասի մշակութային կենտրոնները»: Եվս մեկ հաղորդում նվիրված է լինելու Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի պատմությանը: Ծրագիրն իրականացվում է Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի կողմից: Արդեն պատրաստ է առաջին՝ «19-րդ դարի Ալեքսադրապոլի աշուղական դպրոցը» հաղորդումր: Այն ոչ միայն լավ տեսանյութ կհանդիսանա կոնսերվատորիայի ուսանողների, այլ նաև ավելի լայն շրջանակի համար, կտարածվի նաև երաժշտական ու հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում: «Ծրագիրը մշակեցինք արտակարգ իրավիճակի ընթացքում ու շահեցինք նախարարության դրամաշնորհը, որի շրջանակներում 5 հաղորդում է նկարահանվելու: Յուրաքանչյուր հաղորդման մեջ խոսելու են արվեստագետներ, երաժշտագետներ: Ֆիլմերում լինելու են նաև ստեղծագործություններ՝ հատուկ այս ծրագրի շրջանակներում արված ձայնագրություններ»,[url=https://armenpress.am/arm/news/1028247.html]- «Արմենպրես»[/url]-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի դիրիժոր ու մենակատար Կարեն Մայիլյանը՝ կարևորելով նմանատիպ ծրագրերի իրականցումը որպես ազգային մշակույթը պահպանելու հնարավորություն: «Հայաստանում այսօր, օրինակ, քահամանչահար երիտասարդներ չունենք, պետք է այնպես անել, որ իրական ազգային մշակույթը՝ այդ թվում նաև նվագարանները, չկորչեն, իսկ դրա համար պետք է ազգայինն ավելի շատ պրոպագանդենք»,- հավելեց Կարեն Մայիլյանը: «Հաղորդման ձևաչափը նրանով է հետաքրքիր, որ շատ հանրամատչելի է ու ներկայացնում է մշակութային այս շերտի խորքերը: Ունի ուսուցողական ու ճանաչողական բնույթ ու մեր ժառանգության հանրահռչակման կարևոր նպատակ: Պետք է բոլոր հարթակներով խոսենք, որ իրական մշակույթը հետ բերենք ու ներկայացնենք մեր սերունդներին: Կարևորը վատորակ, սիրողական ու խառնածին մակարդակից հրաժարվելն ու արժեքները գրագետ ու ճիշտ պահելն է։ Շատ ուրախ եմ, որ այս դրամաշնորհը հենց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից է իրականացվում»,- նշում է ծրագրի մասնագիտական խորհրդատու, երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը: Ծրագիրը նախատեսված է ավարտել դեկտեմբերին:

Նմանատիպ նյութեր