211652_close_icon
views-count1444 դիտում article-date 19:57 19-09-2020

ՀՅԴ ՀԳՄ. Հայաստանում նոր որակի իշխանությունն այլընտրանք չունի

2020թ. սեպտեմբերի 19-ին «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն: Օրակարգում երկրի ներքին և արտաքին մարտահրավերներն էին, քաղաքական իշխանության գործունեության գնահատականը և Դաշնակցության առաջիկա անելիքները: Քննարկումների արդյունքում կատարվեցին հետևյալ հաստատումները. - Տարածաշրջանային ահագնացող սպառնալիքներին զուգընթաց, երկիրը կանգնած է արտաքին քաղաքական մեկուսացման վտանգի առջև: Արցախյան բանակցային գործընթացում հստակ ռազմավարության բացակայությունը, ինչպես նաև մարտավարական ձախողումները, ներազգային համերաշխության և համախմբման դեմ կատարվող գործընթացները թուլացնում են հայկական կողմերի դիրքերը և մեծացնում պատերազմի սպառնալիքը: -Հասարակական հարաբերություններում խորանում է անհանդուրժողականության, ատելության ու թշնամանքի մթնոլորտը: Նսեմացվում են ազգային և ավանդական արժեքներն ու ինստիտուտները: - Կասեցվել է երկրի զարգացման ընթացքը: Տնտեսությունն անկում է ապրում, չկան նոր ներդրումներ, ավելանում են գործազրկությունն ու աղքատությունը: - Սոցիալական, առողջապահական, կրթական և մշակույթի ոլորտներում իրականացվող քաղաքականությունը լիովին ձախողված է: - Ձևախեղվում է խորհրդարանական կառավարման համակարգը, հաստատվում է անձնիշխանություն: Մերժված արատներն ու բարքեր նոր դրսևորումներ են ստանում։ Մեկ անձի ձեռքում է կենտրոնացվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը։ - Կորոնավիրուսի համավարակի հակաճգնաժամային կառավարման ձախողումն առավել ակնառու դարձրեց պետության կառավարման հարցում վարչախմբի անկարողությունը։ - Ներկայիս Ազգային ժողովը, որպես առաջնային պատասխանատու քաղաքական մարմին, այլևս չի արտահայտում ժողովրդային լայն զանգվածների տրամադրություններն ու քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, կորցրել է ներկայացուցչական մարմնին հատուկ դերակատարությունը և ի վիճակի չէ լուծել առկա մարտահրավերները: Ելնելով խորհրդակցության արդյունքներից` ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը վերահաստատել է. 1. Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորումն այլընտրանք չունի: 2. Նոր իշխանության առաջնահերթ խնդիրները պետք է լինեն ներազգային համերաշխության հաստատումը, առկա ճգնաժամի հաղթահարումը և ազգային ուղեգծով երկրի զարգացման ապահովումը: 3. Հանրության լայն շրջանակների ընդգրկմամբ` անհրաժեշտ է նոր թափ հաղորդել այս նպատակն ապահովող քաղաքական աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր