211652_close_icon
views-count1721 դիտում article-date 10:25 19-09-2020

«2018 հեղափոխություն» սերիալի հիմնական մասն արդեն ավարտվել է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անգլերեն «sequel» բառն առաջացել է լատինական «sequellia»-ից և բառացիորեն նշանակում է «շարունակություն»: Այդ հասկացությունն առավել կիրառելի է հեռուստասերիալների դեպքում: Պատկերացրեք, որ սերիալը մեկ-երկու սեզոնի ընթացքում արդեն սպառել է իր սյուժետային հիմնական գծերը, հերոսներն էլ ապրել են զարգացման անհրաժեշտ շրջափուլը (հաճախ այդպես է լինում, երբ այդ առաջին սեզոնների սյուժեի հիմքում գրական մի գործ է), բայց պրոդյուսերները զգում են, որ հեռուստադիտողների հետաքրքրությունն ամբողջությամբ չի սպառվել, սերիալն ինչ-որ չափով կպահպանի իր վարկանիշը և, հետևաբար, կկարողանա ներգրավել գովազդային որոշակի միջոցներ: Այդ նկատառումներից ելնելով՝ նկարահանվում է այդ սերիալի օրգանական շարունակությունը հանդիսացող, կամ, առնվազն, մի քանի հերոսների ընդգրկող, մեկ այլ սերիալ, որը ձգում է ևս մի քանի սեզոն, մինչև արտադրանքը կկորցնի իր կոմերցիոն նշանակությունը: Որպես կանոն՝ շարունակությունը պակաս հետաքրքիր է լինում, քան, այսպես ասած, «հիմնական մասը»: Նման ձևով «2018 հեղափոխություն» սերիալի հիմնական մասն արդեն ավարտվել է: «Սաշիկի 50/50», «Մանվելի տուշոնկա», «Քոչարյանի դատավարություն» սյուժետային գծերն այլևս զարգանալու ներուժ չունեն, որովհետև կորցրել են իրենց հետաքրքրությունը հանդիսատեսի աչքերում: Սիքվելում, իհարկե, հնարավոր են «Սերժի դատավարություն» կամ «Հրայրի սանիկի գործ» ենթասյուժեները, բայց ընկալման թարմության տեսակետից դրանք չեն մրցի այն հուզիչ իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան երկու տարի առաջ: Հասարակությունը վերադառնում է իր սովորական կրավորական, ապատիկ, կասեի անգամ՝ փնթփնթան վիճակի մեջ, և այլ կերպ չէր էլ կարող լինել. թե՛ հեղափոխության և թե՛ լճացման շարունակության դեպքում հնարավոր չէ, որ մարդկանց սոցիալական վիճակը բարելավվեր այնքան, որ նրանք գոհ մնան որևէ կառավարությունից: Իսկ «բարելավման» թվերն ու տոկոսները, որ 30 տարի շարունակ հնչեցվում են բոլոր կառավարությունների կողմից, քաղաքացիների վստահությունը չեն վայելում: Քաղաքական ոլորտում սիքվելի հիմնական սյուժեները հայտնի են: ՀՀԿ-ականներն ու քոչարյանականները շարունակելու են ապրել իշխանության ղեկին վերադառնալու անիրականանալի երազանքներով: ԲՀԿ-ն շարունակելու է քննադատել իշխանություններին. կախված այդ քննադատության կարծրությունից՝ իրավապահները այս կամ այն ինտենսիվությամբ գործեր են հարուցելու ԲՀԿ-ականների դեմ, իսկ իշխանության ներկայացուցիչները հիշեցնելու են բռնաբարության գործը: ԼՀԿ-ն նույնպես խոսելու է իշխանության սխալների և արատների մասին, իսկ իշխանությունն այդ քննադատությունը բացատրելու է «նախկինների» ազդեցությամբ: Ընդհանրապես, ատելությունը «նախկինների» նկատմամբ շարունակելու է մնալ ներկա իշխանության հիմնական քաղաքական ռեսուրսը, որը սակայն 3 տարվա ընթացքում հիմնականում սպառվելու է՝ ցավոք սրտի կամ բարեբախտաբար, այդպես է աշխատում մարդկային հիշողությունը: Հիասթափվողների թիվն, ըստ այդմ, աճելու է: Ինչպես տեսնում եք, սիքվելում չեն լինելու սկզբունքորեն նոր սյուժետային գծեր կամ անսպասելի շրջադարձեր: Այդպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչև տեղի ունենա 2018-ի հեղափոխության նման անսպասելի իրադարձություն: Եվ այդ ժամանակ կսկսվի լրիվ նոր սյուժեով մեկ այլ սերիալ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր