211652_close_icon
views-count6829 դիտում article-date 10:37 18-09-2020

Դուք իրավունք չունեք ինձ որևէ բան ասելու՝ ես հեղափոխության մասնակից եմ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պատկերացրեք մի արհեստավորի, որը պետք է պատի մեջ մեխ խփի, բայց մեխին զարկելու փոխարեն հարված է հասցնում իր մատներին: Երբ նրա ուշադրությունն են հրավիրում այդ հանգամանքի վրա, նա հպարտ տեսք է ընդունում և բացականչում. «Դուք իրավունք չունեք ինձ որևէ բան ասելու՝ ես հեղափոխության մասնակից եմ»: Մոտավորապես այս կարգի փաստարկներով էր պատասխանում իշխանությունը ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջներին: Եթե խոսենք խնդիրների բովանդակությունից, ապա կրթության չափորոշիչների հարցում ընդդիմության քննադատությունն, իմ կարծիքով, առանձնապես հիմնավորված չէ (չնայած պարզ է, որ այստեղ աշխատելու տեղ դեռ շատ կա). փոխարենը բոլոր հիմքերը կան նախարարությանը մեղադրելու վատ մենեջմենթի և չմտածված որոշումներ ընդունելու մեջ, որոնց արմատը բոլշևիկյան մեծամտությունը և անհանդուրժողականությունն են: Բոլոր բնագավառներում, և հատկապես՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում, «մուրճը մատներին խփելու» հիմնական դրսևորումն է մասնագետների և հասարակության հետ հաշվի չնստելը, «դուք ո՞վ դառաք՝ մենք հեղափոխական առաջնորդներ ենք» տիպի փաստարկները: Ասել՝ «դուք իրավունք չունեք ձայն հանելու, որովհետև Սերժի վախտ դուք էս էիք կամ էն էիք», նշանակում է՝ այրել կամուրջները ոլորտի մասնագետների հետ: Իհարկե, կարող է թվալ, որ ուսուցիչների, գիտնականների, արտիստների կամ սպորտսմենների հետ հարաբերություններ փչացնելը մեծ ողբերգություն չէ՝ «թող խոսեն, ինչ ուզում են, միևնույն է, նրանք չեն կարող խանգարել մեր պետականաստեղծ տքնաջան աշխատանքին»: Հայաստանի բոլոր իշխանություններին հենց այդպես էլ թվում էր և է, և դա իրականությունից կտրվելու առաջին նշանն է: Իրականում խոսելու իրավունք ունեն բոլորը՝ այդ թվում նրանք, ովքեր հեղափոխության մասին իմացել են այդ պատմական իրադարձությունից երկու շաբաթ հետո, նրանք, ովքեր բոցավառված չէին հեղափոխական գաղափարներով և անգամ նրանք, ովքեր պայքարում էին հեղափոխության դեմ: Բովանդակային բանավեճի փոխարեն որպես ճշմարտության չափորոշիչ բերել վերաբերմունքը հեղափոխության հանդեպ, նշանակում է գործել այն սկզբունքներով, որոնք մենք կարծես թե մերժել ենք ավելի քան 30 տարի առաջ, երբ բոլոր բանավեճերում վերջնական խոսքը Կենտկոմինն էր: «Այն կուսակցության անդամները, որոնց առաջնորդը 40 տարի առաջ դատապարտվել էր սեռական բռնության համար, իրավունք չունեն խոսելու ազգային արժեքներից»՝ որպես քարոզչական «շշպռոց» նման պնդումն արդյունավետ է, և ժողովրդի մեծամասնությանը գուցե դա դուր է գալիս: Բայց կրթական թեմաներով բանավեճում դա, իմ կարծիքով, փաստարկ չէ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր