211652_close_icon
views-count1004 դիտում article-date 10:53 17-09-2020

Լեգիտիմությունը փոփոխության երաշխիք չէ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության և այդ առիթով ԱԺ իշխանական խմբակցության քվեարկության կապակցությամբ շատերն այս օրերին հիասթափություն են հայտնում: Ըստ որում՝ հիասթափվածների մեջ մեծամասնություն են կազմում ոչ թե «ռևանշիստները» կամ նախորդ իշխանության փոքրաթիվ երկրպագուները, այլ նրանք, ովքեր ձայն են տվել «Իմ քայլին» և ավելին՝ պայքարել են հեղափոխական ճակատներում: Այդ՝ բավականին մեծ խմբի տրամաբանությունն, ըստ երևույթին, հետևյալն է. քանի որ խորհրդարանը և, մասնավորապես, քաղաքական մեծամասնությունն ընտրվել է օրինական ճանապարհով, դա ինքնին երաշխիք է, որ իշխող խմբակցության մեջ կլինեն արտակարգ բարոյական, ինտելեկտուալ և քաղաքացիական որակներ ունեցող մարդիկ, որոնք կընտրեն նույն որակներով օժտված ՍԴ դատավորներ: Բայց ակնհայտ է, որ իշխանության լեգիտիմությունը չի ենթադրում, որ երկնքից իջնելու են հրեշտակատիպ պատգամավորներ և դատավորներ. դա ընդամենը խթաններից մեկն է, որ անցկացվեն համակարգային փոփոխություններ, որոնք փոխելու են հասարակական հարաբերությունների բովանդակությունն ու որակը: Ձեռնտո՞ւ են արդյոք իշխանություններին այդ փոփոխությունները՝ դժվար թե: Անկախ նրանից՝ կառավարման համակարգը նախագահական է, թե վարչապետական, երկրի առաջին դեմքն իրեն շատ ավելի կոմֆորտային վիճակում է զգում, երբ խորհրդարանում ունի 88-90 հոգի, որոնք բոլոր հանգամանքներում և, անկախ իրենց անձնական նախասիրությունից, «կոճակ են սեղմելու» այնպես, ինչպես այդ ղեկավարն է հրահանգում: Սա, իհարկե, Առաջին, Երկրորդ կամ Երրորդ նախագահի վրայով կարված սահմանադրությունների պատճառով է, և, ի դեպ, որևէ երաշխիք չկա, որ նոր սահմանադրությունը չի կարվելու ներկա ղեկավարի հագով: Բայց համակարգային խնդիրները միայն սահմանադրությամբ կամ այլ օրենքներով չեն պայմանավորվում: Ասելով «համակարգ», մենք նկատի ունենք նաև հասարակության հոգեբանությունը և քաղաքական մշակույթը: ԱՄՆ գեներալ, Վիետնամի պատերազմի վետերան Քոլին Փաուելն իր գաղափարներով, անցած ճանապարհով, իր նախկին պետական ծառայությամբ հանրապետական է, բայց այժմ ամեն ինչ անում է, որ այդ կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը չվերընտրվի: Բայց ոչ ոք գեներալին չի կանչում Վաշինգթոնի «Մելիք-Ադամյան» կամ «Սայաթ-Նովա» փողոց, որ նրանից հաշիվ պահանջի, թե «այդ ի՞նչ ես ասում, ի՞նչպես ես համարձակվում, կարո՞ղ է՝ ծախվել ես Բայդենին»: «Կուսակցական կարգապահության», ստորաքարշության, շողոքորթության ավանդույթը գալիս է խորհրդային շրջանից, և այն փոխելու համար մեկ արդար ընտրությունն ակնհայտորեն բավարար չէ: Եվ այդ առումով ամենևին էլ զարմանալի չէ, որ այն դատավորները, որոնք ծառայում էին Քոչարյանին և Սարգսյանին, հիմա էլ ծառայելու են Փաշինյանին: Ճիշտ նույնն է արել և անելու խորհրդարանական մեծամասնությունը՝ ոչ թե որպես լավ կամ վատ անձանց հավաքածու, այլ՝ որպես ինստիտուտ: Նույնն են նաև քննչական մարմինները, որոնք գտնում են, որ խուլիգանությունն, իհարկե, վատ բան է, բայց երբ դա անում է իշխանավորը, դա վերջինիս ծայրահեղ հուզմունքի արտահայտությունն է: ․․․Քանի՞ օրինական ընտրություն է պետք, որ ոստիկանները դադարեն «խորհրդային միլիցա» լինել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր