211652_close_icon
views-count1599 դիտում article-date 18:18 15-09-2020

Տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ ԲՏԱ նախարարության և ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության գործընկերների միջև

2020թ․ սեպտեմբերի 15-ին ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանիգլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների փոստային կապի օպերատորների միջև փոստափոխադրման բնագավառում ծագած փոխհարաբերությունների կարգավորման, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքների մշակման, բարձր տեխնոլոգիաներիոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում Արցախից մասնակիցների ներգրավվածության հարցին, կարևորվել համագործակցության խթանումը նաև այս ոլորտում: Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին և համոզմունք է հայտնել, որ Արցախի գործընկերների այցը և աշխատանքային քննարկումներն արդյունավետ բնույթ կունենան: Ապա անդրադարձել է նախկինում կատարված համատեղ աշխատանքների արդյունքներին՝ մասնավորապես ԱՀ֊ի և ՀՀ֊ի միջև բջջային կապի սակագների իջեցմանը: «Համատեղ աշխատանքի արդյունքում սակագնի ավելի քան 50 տոկոսի նվազում է արձանագրվել, որը սոցիալական ազդեցությունից զատ զգալիորեն ավելացրել է նաև հաղորդակցության որակը և ծավալը»,- նշել է նախարարը: Հակոբ Արշակյանը կարևորել է Արցախի երիտասարդության մասնակցությունը ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում՝ մասնավորապես տեխնոլոգիական 19 ուղղություններով կազմակերպվող առցանց դասընթացներում, «Վիրտուալ կամուրջ» և այլ ծրագրերում: ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ երկու հանրապետությունների օպերատորների փոխգործակցությունը զգալի թեթևություն է առաջացրել ԱՀ֊ում և համագործակցության լավ հիմք դրել՝ հետագայումծառայությունների պլանավորման և զարգացման առումով: ԼևոնԳրիգորյանն անդրադարձել է նաև ԱՀ֊ում ՏՏ ոլորտի զարգացման տեսլականին՝ ընդգծելով համատեղ ծրագրեր մշակելու, հայաստանյան փորձն ընդօրինակելու և տեխնոլոգիական ընտանիքի անդամ դառնալու կարևորությունը: Կապի, փոստային ոլորտում ծառայությունները հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքները, թվայնացման, կիբեռանվտանգության հետ կապված հարցերը ևս առաջնահերթությունների շարքում են: Աշխատանքային հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել նաև քննարկումներ երկու հանրապետությունների գործընկերների միջև, որոնց մասնակցել են ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալներ Գոռ Մելիքյանը և Վիկտորիա Պողոսյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Էմմա Սարգսյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ինչպես նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանը, ԱՀ «Արցախփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր