211652_close_icon
views-count1861 դիտում article-date 13:55 14-09-2020

ՀՀ-ում ռուսական բազայի հետախույզները պայմանական հակառակորդի թիկունքում դեսանտավորում են իրականացրել

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները ՀՀ զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ՝ երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների ընթացքում կատարել են պայմանական հակառակորդի թիկունքի դեսանտավորում: Այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները գրոհային եղանակով Մի-8ՄՏՎ ուղղաթիռներից վայրէջք են կատարել «Ալագյազ» զորավարժարանում: Բազմակիլոմետրանոց երթից հետո զինծառայողները բացահայտել են պայմանական հակառակորդի գլխավոր ուժերի դասավորությունը, հանձնել օբյեկտների և ռազմական տեխնիկայի կոորդինատները, շարքից հանել կապի միջոցները, հարձակում կատարել հրամանատարական կետի վրա, վերցրել կարևոր փաստաթղթեր և գերիների: Տարհանման շրջան դուրս գալու ժամանակ հետախույզները հետ են մղել պայմանական հակառակորդի ստորաբաժանումների գրոհը, կազմակերպել վիրավորների տարհանումը՝ հետագայում ցուցաբերելով նրանց առաջին բուժօգնություն: ՀՀ զինված ուժերի և ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողների համատեղ՝ երկկողմ մարտավարական զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1,5 հազար զինծառայող և գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ Մի-8ՄՏՎ, Մի-24Պ ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ:

Նմանատիպ նյութեր