211652_close_icon
views-count1333 դիտում article-date 13:02 14-09-2020

Նախարարությունը քաղաքացիներին հորդորում է հոգատար լինել շրջակա միջավայրի հանդեպ

Ներքին զբոսաշրջության ակտիվացման հետևանքով վերջին շրջանում մեծացել է մարդածին ազդեցությունն զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքներում և տեղամասերում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը. «Արձանագրվել են խիստ ծանրաբեռնված տեղամասեր, որտեղ գրանցվել են մարդկանց կուտակումների հետևանքով շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների պահպանության՝ մասնավորապես տարածքների աղտոտման և աղբահանության հետ կապված խնդիրներ: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին քաղաքացիներն ամեն օր առնվազն մի քանի տասնյակ նամակներ են ուղղում, որոնցում ներկայացված են բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառածածկ տարածքների և այլ բնատարածքների աղտոտման, բնության հուշարձաններում բուսատեսակների վնասման դեպքեր։ Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով նախարար Պետրոսյանի կարգադրությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն էր ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին խնդրանքով՝ մարզպետարանների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել աջակցել համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին հարակից տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Մեկ այլ գրություն էլ ուղարկվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։ Նախարար Պետրոսյանի կոչին արձագանքել էին նաև բազմաթիվ քաղաքացիներ ու կամավորական խմբեր, որոնք ինքնաբուխ կամ պետական կառույցների աջակցությամբ ձեռնամուխ էին եղել զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքների մաքրման աշխատանքներին։ Աշխատանքներին ակտիվ ներգրավվել էին «Երզնկայի երիտասարդական միություն» ՀԿ անդամ երիտասարդները, որոնք ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Օհանավանի համայնքապետարանի աջակցությամբ ամբողջությամբ մաքրել էին Ծաղկեվանքի հարակից տարածքը՝ հետագա այցելուների համար ապահովելով մաքուր միջավայր։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ էին իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքում։ Նախաձեռնությունն իրականացվել էր Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրինության, մասնաճյուղի առաջին կուրսի ուսանողների, Հայկական «Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի սաների կողմից, որոնց միացել էին Շիրակի մարզպետը և Սարապատ համայնքի ղեկավարը։ Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, մասնավորապես՝ բնապահպանական, սոցիալական, կրթական, զբոսաշրջային ու տնտեսական առումով: Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում և կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով միայն կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր