211652_close_icon
views-count1665 դիտում article-date 13:27 13-09-2020

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Ալեքսանդրիայի պապ Թավադրոս Երկրորդի հետ

Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։ Անդրադառնալով կրոնահամայնքային համագործակցությանը՝ նախարար Մնացականյանը կարևորեց հայերի և ղպտիների դարավոր կապերի շարունակական ամրապնդումը՝ խարսխված հոգևոր արժեքների և ավանդական բարեկամության վրա: ԱԳ նախարարն ու ղպտիական եկեղեցու առաջնորդը քննարկեցին կրոնական փոքրամասնությունների հիմնախնդիրներին առնչվող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ կարևորելով կրոնական հանդուրժողականությունն ու խաղաղ գոյակցությունը։ Այս համատեքստում զրուցակիցները ցավով արձանագրեցին կրոնական խմբերի թիրախավորումն ահաբեկչական և ծայրահեղական խմբերի կողմից՝ ընդգծելով կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը, այդ թվում՝ նրանց իրավունքների երաշխավորման, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման միջոցով: Այս համատեքստում նախարարը նշեց. «Հայաստանը միջազգային տարբեր ձևաչափերի և հարթակների միջոցով աշխատում է ազգային և կրոնական խոցելի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ՝ ի նպաստ վերջիններիս ներուժի հզորացման ու ամրապնդման»: Նախարարը բարձր գնահատեց Եգիպտոսի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ, որը բացառիկ ներդրում է ունեցել եգիպտական պետության կայացման և զարգացման գործում: Թավադրոս Երկրորդը կարևորեց երկու քույր՝ Ղպտի ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների կայուն փոխգործակցությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր