211652_close_icon
views-count5454 դիտում article-date 13:20 12-09-2020

Այսօր բազմաթիվ լեգենդար հայերի ֆոտոխցիկով լուսանկարած ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, սիրված ու լեգենդար Սամվել Սևադայի ծննդյան օրն է

[url=http://www.hayzinvor.am/70145.html?fbclid=IwAR2dDCTgdKGOWFSYymEoTYcL8t9wEq04JWMhvckl2sXAdnLJqicoHJ8gJJw]Hayzinvor.am[/url]-ը գրում է. [b]-Պարոն Սեւադա, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ, մաղթում եմ առողջ, եռանդուն, երջանիկ ու արգասաբեր բազում տարիների կյանք:[/b] Ձեր կենսագրության ամենաուշագրավ դրվագներից է այն, որ Դուք 45 տարի նկարչություն եք դասավանդում, նկարչական դպրոցներ եք հիմնել Աբովյան քաղաքում՝ դեռեւս խորհրդային տարիներին, Միացյալ Նահանգներում առաջին հայկական նկարչական դպրոցի գոյությունը՝ իր 17-ամյա կենսագրությամբ, դարձյալ կապված է Ձեր անվան հետ: Այսօր Երեւանում գործում է «Sevada Art Studio»-ն, որտեղ դարձյալ շարունակում եք Ձեր գործը: Ես լսել եմ հեղինակավոր կարծիքներ, որ մարդուն, հատկապես՝ երեխային, չի կարելի նկարել սովորեցնել, որովհետեւ նկարչությունը իրական աշխարհի արտացոլանքն է մարդու ներաշխարհում, ու թե ինչպիսին է այն, գիտի միայն նկարողը… -Հրաշալի կարծիք է, միանգամայն համաձայն եմ: Երեխաներն իմ արվեստանոցում առաջին հերթին սովորում են մտածել, ես զարգացնում եմ նրանց դիտողունակությունը, տեսնելու, զգալու մղումները, եւ հենց սա է արվեստի ուսուցչի առաջին պարտականությունը: Զուգահեռաբար, ես նրանց (առանց պարտադրելու) փոխանցում եմ որոշ հմտություններ, օգնում եմ տեսնել գույնի թաքնված երանգները, տեսնել լույսն ու ստվերը, զգալ կիսատոները ու կարողանալ օգտագործել որոշ կանոններ, որոնք մարդկությունը ստեղծել է` օգտվելով բնության չգրված օրենքներից: «Sevada Art Studio»-ն 5-ից 105 տարեկան երեխաների համար է: Բնականաբար, նրանցից բոլորը չէ, որ նկարիչ կդառնան, բայց սեփական հույզերը, ներսում ապրող պատկերները կտավին հանձնելու վայելքը կարող է հասու լինել բոլորին: Արարումը, արվեստի հետ շփումը խինդով ու զվարթությամբ է լցնում մարդու հոգին, նրան մեղմ ու գթառատ է դարձնում: Բացի գեղանկարչությունից, ես դասավանդում եմ նաև գեղարվեստական լուսանկարչություն Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո մենք նամակով դիմել էինք պաշտպանության նախարարությանը, որ թույլ տան ինձ եւ իմ ուսանողներին շրջել զորամասերով, մեր լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը կազմակերպել այնտեղ, զրուցել զինվորների հետ: Երևի պահը պատեհ չէր, ու մեզ մերժեցին: Եթե թույլ տան, ես այսօր էլ պատրաստ եմ իրականացնել այդ մտահղացումը: ԵՎ ՎԱՂԸ ԼՈՒՅՍ ՊԻՏԻ ԼԻՆԻ-Ձեր մասին պատմող հոդվածներից մեկում գրված էր, որ Դուք Աբովյանում հիմնադրել եք առաջին նկարչական դպրոցը 1975 թվականին: Դուք գյումրեցի եք, ի՞նչ գործ ունեիք Աբովյանում: -Այո՛, ես գյումրեցի եմ: Հայրս Գյումրիի ոստիկանությունում բարձր պաշտոններ է զբաղեցրել: [b]-Շատ հետաքրքիր է՝ ոստիկանապետի որդին դարձավ նկարիչ, բանաստեղծ, լուսանկարիչ…[/b] -Հայրս մտավորական էր. Գյումրի մտած առաջին գիրքը մեր տանն էր հայտնվում: Ու կարդում էր ամբողջ ընտանիքը… Ես բուհ ընդունվեցի համարյա ամբողջ համաշխարհային դասական գրականությունը կարդացած: …Հորս նշանակեցին Աբովյանի ոստիկանապետ, եւ մենք ընտանիքով տեղափոխվեցինք Աբովյան: Երբ գեղարվեստի ինստիտուտն ավարտեցի ու աշխատանք էի փնտրում, հայրս խորհուրդ տվեց գնալ Աբովյանի շրջկոմի առաջին քարտուղարի մոտ եւ աշխատանք խնդրել: Անկեղծ ասած՝ ես լավ չէի պատկերացնում շրջկոմի առաջին քարտուղարի «մեծությունը»: Մի քանի ժամ ընդունարանում սպասելուց հետո մտա ներս ու ասացի, որ ավարտել եմ Գեղարվեստի ինստիտուտը, և ինձ աշխատանք է պետք: Քարտուղարը խիստ բարկացավ. «Սա աշխատանքի տեղավորման բիրժա՞ է քեզ համար»: Ես նույնպես բարկացա: «Այսքան սպասել եմ ընդունարանում, որ դա՞ լսեմ»: Արդեն դռան մոտ էի ու պատրաստվում էի դուրս գալ, շրջկոմի քարտուղարը, որը մասնագիտությամբ կոնստրուկտոր էր, ինձ հետ կանչեց և առաջարկեց էսքիզներ անել Աբովյան քաղաքի գրախանութի ցուցափեղկերի ձևավորման համար: Մեկ շաբաթ անց էսքիզները ձեռքիս մտա շրջկոմի քարտուղարի աշխատասենյակ: Նա շատ հավանեց իմ աշխատանքը ու հարցրեց, թե ի՞նչ գործ եմ ուզում: Պատասխանեցի, որ կուզենայի Աբովյանում նկարչական դպրոց բացել: Նկարչական դպրոց հիմնելու գաղափարը քարտուղարին շատ դուր եկավ: Կարճ ժամանակ անց դպրոցի համար շենք տրամադրեցին, ինձ էլ նշանակեցին տնօրեն: [b]-Դուք արվեստի ուսուցիչ եք եղել խորհրդային տարիներին, այնուհետեւ նկարչություն եք դասավանդել ԱՄՆ-ում: Այժմ կրկին դասավանդում եք Հայաստանում… [/b] -Երբ երեխային բերում են իմ արվեստանոց, ես անպայման հետաքրքրվում եմ, թե ուրիշ ինչ խմբակներ է հաճախում նա: Ու անհրաժեշտության դեպքում բացատրում եմ, որ պարից շախմատի, նկարչությունից դաշնամուրի, սպորտից անգլերենի անհեթեթ վազքը ոչ թե զարգացնում, այլ հոգնեցնում է երեխային, թույլ չի տալիս բացահայտել նրա իսկական նախասիրությունները, տաղանդը, ու նա չի հասցնում որեւէ բան սովորել խորապես: Միացյալ Նահանգներում ես երեխաներին երբեմն տանում էի Հոնոլուլու բուլվար, որտեղ նրանք նկարում էին բառացիորեն փողոցում: Մարդիկ անցնում էին, դիտում նկարները՝ հիացական բացականչություններով: Հայ երեխաները շատ տաղանդավոր են, մեզ համար սա այնքան սովորական է, բայց արտասահմանցիները ապշում էին, թե երեխաները ոնց են նկարում այդքան գունեղ ու հեքիաթային: …Իմ կյանքի ամենահիշարժան դրվագները կապված են Հոռոմ գյուղի հետ, որտեղ ապրում էին պապս ու տատս, քեռիներս ու մորաքույրս՝ իրենց ընտանիքներով, եւ որտեղ անցել են իմ ամառային արձակուրդների երեք ամիսները: Անհամբեր սպասում էի, թե երբ է օրը գալու, որ գյուղ գնամ: Այդ շրջանը այնքան գեղեցիկ ու սրտամոտ էր, որ ամեն բան հիշում եմ մանրամասնությամբ: Պապս ու տատս պաշտում էին ինձ ու երբեք չէին պատժում: Ես առավոտից իրիկուն հորթերի, գառների հետ էի: Հասակակից տղաներով գառներին տանում էինք արածեցնելու ու ինչ խաղ ասես չէինք խաղում սարերում: Մինչեւ հիմա աթարի մեջ խորոված կարտոֆիլի համը բերանումս է… Այդ տաք, հարազատ պատկերները չեն թողնում, որ հոգիդ ծերանա, ներաշխարհդ նուրբ ու փափուկ են պահում: …Ես միշտ փորձել եմ երեխաներին ազատ զգալու, ազատ մտածելու հնարավորության տալ: Նույնը արել եմ Նահանգներում: Նույնը անում եմ հիմա: Իսկ դասավանդման իմ մեթոդները առանձնապես չեն փոխվել: Իմ նպատակը միշտ էլ եղել է մարդուն աղերսել արվեստին, արթնացնել հոգու լավագույն ու նուրբ զգացողությունները: [b]-Դուք անհատական ցուցահանդեսներ եք ունեցել աշխարհի ամենատարբեր երկրներում: Այդ ցուցահանդեսները սեփական արվեստը ճանաչելի դարձնելու փո՞րձ էին, թե՞ Ձեր նկարները վաճառվում էին:[/b] -Միայն Միացյալ Նահանգներում ես 400-ից ավելի նկարներ եմ վաճառել: Բայց վաճառելը ինձ համար գերխնդիր չի եղել: Ես նկարում եմ, ու դա իմ կյանքի ամենանշանակալի ու գեղեցիկ իրողությունն է, մնացածը երկրորդական է: [b]-Դուք 1996թ. նշանակվեցիք Երեւանի գլխավոր նկարիչ: Կարողացա՞ք փոխել Երեւանի մռայլ գույները այդ ծանր տարիներին:[/b] -Ես հայրենիք եկա Լոս Անջելեսից, ուստի ինձ համար մռայլությունն ու տխրությունը ավելի ցցուն էին: Իմ գործունեության տարիներին Երեւանում հայտնվեցին նոր լույսեր, գունավոր պաստառներ: Իմ ղեկավարած 60 հոգանոց կոլեկտիվով կանոնակարգեցինք քաղաքի արտաքին գովազդը, շենքերի լուսավորությունը, ձևավորեցինք կենդանաբանական այգին: Սովետի քանդվելուց հետո մայրաքաղաքի առաջին տոնածառերը մենք ենք տեղադրել ու ձևավորել: Գույնն ու լույսը լավատեսության ու գեղեցիկ ապագայի սերմեր դարձան: Այդ օրերին ես ավելի շատ համոզվեցի, որ, անկախ բնակության վայրից, Հայաստանը թանկ է յուրաքանչյուր հայի համար: Իմ ընկերները Նահանգներից օգնում էին՝ ինչով կարող էին: Միշտ պիտի հիշենք, որ մենք մի ամբողջություն ենք՝ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը: Ու մեծ, շատ մեծ ներուժ ունենք: [b] -Պարոն Սեւադա, Դուք լուսանկարչություն եք դասավանդում պետական մանկավարժական ինստիտուտում: Ձեր լուսանկարչական գործերը նույնքան հայտնի են, որքան գեղանկարչական աշխատանքները: Անկեղծ ասած՝ ինձ համար փոքր-ինչ անընկալելի է, որ գեղանկարիչը նաեւ լուսանկարում է. Դուք կարող եք «վրձնել» կադրը, ոչ թե լուսանկարել: [/b] -Լուսանկարչությունը վայրկյանի ճշգրտությամբ «վերցնում և փոխանցում է» պահի գաղտնիքը: Լուսանկարչի աչքը տեսնում, որսում է այն, ինչ չի կարող տեսնել սովորական աչքը: Նայում են հազարավորները, տեսնում է մեկը: Եվ հենց սա է լուսանկարչությունը դարձնում արվեստ: Եթե դու լուսանկարելիս չես տեսել «անտեսանելին», ուրեմն պարզապես պատճենել ես՝ առանց ասելիքի, առանց հույզի, առանց պատմության: Ես իմ ուսանողներին հորդորում եմ տեսնել անտեսանելին, պարզել լույսի, գույնի, ստվերի առեղծվածը: Ստիպում, խնդրում, առաջարկում եմ նրանց շատ կարդալ: ԵՎ ՎԱՂԸ ԼՈՒՅՍ ՊԻՏԻ ԼԻՆԻ-Պարոն Սեւադա, գեղանկարչությունն ու լուսանկարչությունը քի՞չ էին ինքնարտահայտվելու համար, որ սկսեցիք բանաստեղծություններ գրել: Նույնիսկ գիրք ունեք՝ «Կույսի համաստեղություն» վերնագրով: -Ես դեռ ուսանող էի, երբ իմ բանաստեղծությունները Արթուր Ութմազյանը կարդում էր հեռուստատեսությամբ: Լավ առիթ է, որ հիմա պատմեմ իմ ամենասիրելի ուսուցչուհու՝ գյումրեցի լեգենդար Վարդուշ Շաբոյանի մասին: Նա ինձ հայերեն է սովորեցրել ու իմ մեջ սեր է արթնացրել գրականության հանդեպ: Իր գործի վարպետն էր ու անմնացորդ նվիրյալը, իսկական ուսուցչի տիպար: Մի անգամ Արթուր Ութմազյանը ռադիոյով հերթական անգամ կարդում է իմ բանաստեղծություններից մեկը. Մի դալտոնիկ ձմեռ, Լարից ընկած քամի, Մերկ ու տխուր ծառեր, Ի՞նչ եք ուզում ինձնից… [b]-Դուք նկարչի նման եք բանաստեղծություն գրում, նկարում եք[/b]… -Այս բանաստեղծությունը խոհանոցում գործ անելիս լսում է իմ սիրելի ուսուցչուհին՝ Վարդուշ Շաբոյանը: Քառատողը նրան շատ դուր է գալիս: Երբ վերջում կարդում են իմ անունը, ուսուցչուհիս պարզապես ցնծում է: Նա զանգեց ինձ, այնքան երջանիկ էր: [b]-Իրե՞ն եք վերագրում Ձեր հաջողությունը:[/b] -Իհարկե, եւ այդպես էլ կա: Ես հաճախ եմ հարցազրույցների ժամանակ պատմում իմ հայերենի ուսուցչուհու մասին: Վերջերս, երբ էլի նրա մասին էի խոսում, լրագրողը հարցրեց՝ ո՞ղջ է արդյոք Վարդուշ Շաբոյանը: Ասացի՝ չգիտեմ, արդեն պիտի որ 100 տարեկանին մոտ լինի: Հաջորդ օրը անսպասելի զանգ եկավ Գյումրիից՝ «Ես եմ, Սամվել ջան, ողջ եմ, կամ…». Վարդուշ Շաբոյանն էր: Ե՛վ ամաչեցի, և՛ ուրախացա… ԵՎ ՎԱՂԸ ԼՈՒՅՍ ՊԻՏԻ ԼԻՆԻ-Ասում են՝ շատ մտերիմ եք եղել Հրանտ Մաթեւոսյանի հետ: Ի՞նչ էր խոսում մեծ գրողը ձեր հանդիպումների ժամանակ… -Հրանտ Մաթեւոսյանը տիկնոջ հետ Լոս Անջելես էր եկել բուժման նպատակով, և չորս ամիս ես ընկերակցեցի նրան իր այդ դժվարին օրերին: Երբ պատահում էր, որ մի օր չէի գնում իրենց տուն, կինը զանգում, ասում էր՝ «Ա՛յ տղա, արի՛, դու չգիտե՞ս, որ առանց քեզ հաց չի ուտում»: Մենք ամբողջ օրը զրուցում էինք: Ըստ իս` Հրանտ Մաթեւոսյանը բոլոր ժամանակների հայ մեծագույն արձակագիրն է, բացառիկ մարդ, բացառիկ հայ: Ինչ էր խոսո՞ւմ…Նրա հոգսը Հայաստանն էր: Այդ տարիներին Հայաստանը ծանր օրեր էր ապրում: Հրանտ Մաթեւոսյանը կարոտում էր Հայաստանը, շատ էր կարոտում: Նրա հետ շրջում էինք Խաղաղ օվկիանոսի ափերին, բարձրանում էինք Գլենդելի սարերը, որոնք շատ նման էին Հայաստանի սարերին: Սիրում էր ձեռքերը ծոծրակին դրած լուռ քայլել… Դա 2002 թվականին էր: Հրանտին ճանապարհեցի, վերադարձավ Հայաստան և այլևս չտեսա նրան: Մի քանի ամիս անց հանճարեղ գրողը հեռացավ կյանքից… -Պարոն Սեւադա, ես մտադիր էի Ձեզ հարցնել, թե ինչո՞ւ 1989թ. հեռացաք Հայաստանից, ի՞նչ էիք որոնում Միացյալ Նահանգներում: Եվ հետո գտնելով փառք ու բարեկեցություն, ինչո՞ւ ամեն ինչ թողեցիք ու վերադարձաք Հայաստան: Բայց հիմա չեմ հարցնի, փոխարենը, որպես չհնչած հարցի պատասխան, ընթերցողին կհանձնեմ Ձեր մի բանաստեղծությունը… [b] ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ [/b] Լսիր ինձ, Իմ փոքր երկիր, Ես հեռացա քեզնից քո դժվար ժամին: Փախա, ինչպես առնետն է լքում խորտակվող նավը: Ներիր ինձ, թե կարող ես: Եվ հիմա` հեռավոր քաղաքների մայթերին մաշում եմ կարոտս երկնաքեր անտարբերության աչքի առաջ: Քո սիրո դիմաց ոչինչ չունեմ տալու Այս բառերից բացի: Նախատինքդ կարոտի գույն ունի, Եվ կապույտ արյունը, որ ներարկեցիր իմ մեջ, Մանրել եմ արդեն, Ներիր, թե կարող ես: Ես թափառական եմ Առանց քեզ այստեղ, Ուր ամեն ինչ իմն է, ու իմը չէ ոչինչ: Իմ փոքրիկ երկիր, Սրտիս տրոփյունը արձագանքում է Քո հրապարակներում, փողոցներում, հուշարձաններիդ քարե հիմերի տակ: Այս սիրտ մաշող հեռավորությունից Ամեն առավոտ Պարզում եմ քեզ Կարոտիս գավաթը բերնեբերան Ու մրմնջում ցավս` Ներիր, թե կարող ես: Իմ փոքրիկ երկիր, անսաղավարտ, անսեր ու վշտակերպ, թափառական ասպետ, Անհայրենիք ուրու, Անմիտ կռվի բռնված Երկաթբետոնե հողմաղացների դեմ… Թե ո՞ւմ պիտի հաղթեմ արդյոք Եվ ո՞ր կույսի պատվի համար: Այսօր մութ է, Եվ վաղը լույս պիտի լինի: Ընդունիր վերադարձը քո անառակ որդու: Ներիր: Դու կարող ես… [b]Հարցազրույցը՝ Գայանե Պողոսյանի[/b] [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը նույնպես շնորհավորում է լեգենդար Սամվել Սևադային ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն և անսպառ ուժ:

Նմանատիպ նյութեր