211652_close_icon
views-count1326 դիտում article-date 12:24 12-09-2020

Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, սակայն առկա են մարտահրավերներ. ԱՄՆ պետքարտուղարություն

Հայաստանում բարելավվում է մրցակցային միջավայրը, ընդգծվում է ԱՄՆ պետքարտուղարության Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ 2020 հայտարարություն-զեկույցում, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5580235.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Հենվելով մի շարք ընկերությունների տեղեկության վրա, զեկույցում նշվում է ձեռքբերումները զարգացնելու համար Հայաստանը պետք է խորացնի բարեփոխումները մի շարք ոլորտներում, մասնավորապես դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական և իրավապահ: Զեկույցում մատնանշվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային ցուցանիշներում ստացել է բիզնես և ներդրումային միջավայրի պատկառելի վարկանիշներ: «Հայաստանը ներդրողների համար բազմազան հնարավորություններ է ստեղծում, իսկ երկրի օրենսդրական դաշտն ու կառավարության քաղաքականությունը նպատակ ունեն ներգրավել ներդրումներ», - ասված է զեկույցում: Սակայն ներդրումային դաշտը զերծ չէ խնդիրներից: Օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը մեծ չեն: Պետքարտուղարության առանձնացրած հիմնական խոչընդոտներից են հայկական փոքր շուկան, հարաբերական աշխարհագրական մեկուսացումը` հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները, օրենքի գերակայության և դատական համակարգի թույլ կողմերն ու կոռուպցիայի ժառանգությունը: Զեկույցում պետքարտուղարությունը մատնաշում է ներդրողների պնդումները, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարում առկա առաջընթացի և որոշ բարելավումների, դեռևս առկա են բազմաթիվ մտահոգություններ և խնդիրներ թափանցիկ, արդարացի և կանխատեսելի բիզնես միջավայր ապահովելու հարցում: Կոռուպցիայի դեմ պայքարը ապագայում պետք է կրի ավելի համակարգային բնույթ, նշված է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության զեկույցում: Օտաերկրյա ներդրողները շարունակում են մտահոգված մնալ հավասար պայմանների ապահովման խնդրով:Այդուհանդեձ, ըստ զեկույցի, 2018 թ-ի ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանի տնտեսության մեծ մասը ավելի բաց է դարձել մրցակցության համար, իսկ խոշոր օլիգարխիկ շրջանակների ազդեցությունը կառավարության վրա իրենց դիրքերը շուկայում ուժեղացնելու համար զգալիորեն նվազել է: Հայաստանում այսօր առկա են ամերիկյան ներդրումներ մասնավորապես բանկային, էներգետիկ, դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում: Ամերիկյան խոշոր ներդրումային ծրագրերից են ContourGlobal-ի կողմից Որոտանի հիդրոէլեկտրական կասկադի ձեռքբերումը և Lydian International ընկերության ոսկու խոշոր հանքավայրի շահագործման ծրագիրը: Անդրադառնալով երկկողման տնտեսական հարաբերություններին՝ ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծում է, որ Երևանի ու Վաշինգտոնի միջև չկա ազատ առևտրի մասին պայմանագիր: Կողմերը 2015 թ-ի մայիսին ստորագրեցին Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր (TIFA), որի հիման վրա ստեղծվում է ԱՄՆ-ի և Հայաստանի առևտրի և ներդրումների խորհուրդ: Այն պետք է քննարկի երկկողմ առևտրի, ներդրումների և այլ խնդիրների հետ կապված հարցեր, ինչպես նաև առևտրային և ներդրումային կապերի ամրապնդման հնարավորություններ: Զեկույցը հիշեցնում է նաև, որ Հայաստանը չի ճանաչում ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված կրկնակի հարկման մասին 1973 թ. պայմանագիրը, որի արդյունքում ԱՄՆ-ի հետ կարգավորված չէ կրկնակի հարկման դաշտը: Վաշինգտոնը դիտարկում է Երևանը որպես վերոհիշյալ պայմանագրի կողմ՝ պետական իրավահաջորդության և նախկին ԽՍՀՄ միջազգային պայմանագրային պարտավորությունների կատարման հիման վրա, որոնք, ըստ ամերիկյան կողմի, ստանձնել է Հայաստանը Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրով:

Նմանատիպ նյութեր