211652_close_icon
views-count2352 դիտում article-date 10:30 10-09-2020

Հայաստանը կարո՞ղ է բացառություն լինել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանը և Սոնա Աղեկյանը դիմակներ հագան և փորձեցին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ես նման վարքագիծը ոչ պատշաճ համարեցի ու դրա մասին գրեցի: Ի պատասխան՝ ինձ մեղադրեցին «ռեժիմը» պաշտպանելու մեջ: Մարինան և Սոնան դարձան օրվա հերոսուհիներ, ֆեյսբուքահայերի մեծամասնությունը, իրավապաշտպանները և ընդդիմադիր գործիչները նրանց փառաբանում էին որպես գաղափարական մարտիկներ, որոնք անզիջում պայքար են մղում «ռեժիմի» դեմ: Անցավ երկուսուկես տարի, և հիմա նույն մարդիկ այդ նույն կանանց հասցեին չափազանց կոպիտ բառեր են ասում, որոնցից ամենամեղմը «խելագարն» է: Պատճառն այն է, որ հիմա Մարինեն և Սոնան, դարձյալ ոչ պատշաճ բառապաշարով, քննադատում են ներկայիս իշխանությանը: Իսկ ինչպես հայտնի է՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը չի կարելի քննադատել որևէ բառապաշարով: Խոսքն այն մասին է, որ քարոզչության մեջ, քաղաքական պայքարում միջոցների մեջ խտրականություն չի դրվում. ցանկացած, նույնիսկ՝ չափազանց մարգինալ, դրսևորում, երբ պետք է՝ փառաբանվում է, իսկ երբ դրա անհրաժեշտությունը չկա՝ դատապարտվում է: Ռացիոնալ մտածելակերպ ունեցող մարդը չի կարողանում հասցնել այդ վայրիվերումների հետևից: (Հուրախություն քաղաքական գործիչների՝ նման մտածելակերպ ցանկացած հասարակության մեջ ունի մոտավորապես 10 տոկոսը): Բերեմ մի քանի օրինակ: Եթե որևէ պայմանով հայկական զորքերի՝ ազատագրված շրջաններից դուրս բերելու շուրջ բանակցելը սխալ էր 1998 թվականին, ապա սխալ էր նաև 2011-ին, սխալ է նաև հիմա: Եթե ճիշտ է, ապա՝ ճիշտ է բոլոր երեք դեպքերում: Եթե ոստիկանության վրա զինված հարձակումը և մարդասպանությունը հանցագործություն է, ապա մեղավորները, նաև կազմակերպիչները պետք է ազատազրկվեն: Իսկ եթե ոչ թե հանցագործություն է, այլ՝ հրաշալի, հերոսական ապստամբություն, ապա այդ գործով բոլոր կալանավորվածները պետք է ազատ արձակվեն, և ոմանք էլ գուցե պարգևատրվեն մարտական խաչով: Եթե ներքնաշորով արագաչափ փակելն օրինական է, ապա նա, ով դա այսօր կանի, նույնպես չպիտի պատասխանատվության ենթարկվի: Երկակի ստանդարտներն, իհարկե, զուտ հայաստանյան քաղաքականության խնդիր չեն: Ցանկացած երկրում, որտեղ ինչ-որ բան կախված է քաղաքացիների կարծիքից, օգտագործվում է ամեն մի փաստ կամ երևույթ, որոնք կարող են նպաստել քաղաքական հաջողությանը: Բայց ինձ թույլ տամ չափազանց միամիտ և «իդեալիստական» հարց տալ. կարելի՞ է արդյոք այնպես անել, որ Հայաստանն այդ իմաստով բացառություն լինի: Հօգուտ այդ բացառության հնարավորության՝ խոսում է արտաքին վտանգի առաջ համախմբման անհրաժեշտությունը, մեր երկրի մոնոէթնիկ կառուցվածքը և այն հազվագյուտ մշակութային ժառանգությունը, որը մենք կուտակել ենք հազարամյակների ընթացքում: Դա բավարա՞ր է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր