211652_close_icon
views-count1138 դիտում article-date 18:08 09-09-2020

ԱՀ խորհրդարանում տեղի է ունեցել ԱԽ քարտուղարի հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ: Բացելով հանդիպումը՝ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ ԱԺ պատգամավորների հետ հանդիպելու և ԱԽ կառուցվածքի և գործունեության մասին խոսելու ցանկություն է հայտնել ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Սամվել Բաբայանը ներկայացրել է ԱԽ գործառույթները և դրանից բխող կադրային քաղաքականության հիմնավորումները՝ ընդգծելով հարցերի շուրջ հանրության շրջանում առաջացած հետաքրքրությունն ու քննարկումները: «Պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն, որ ԱԽ-ը նախագահին կից մարմին է, որը կատարում է նախագահի կարգադրությունները կամ ռազմավարական ծրագրերը, որը համատեղ հուշագրով մենք ստորագրել ենք»,-նշել է ԱԽ քարտուղարը: Սամվել Բաբայանը բացառել է նաև Անվտանգության խորհրդի՝ «երկրորդ իշխանություն» լինելու մասին շրջանառվող լուրերը, նշելով, որ դա հնարավոր չէ նախ օրենսդրությամբ և չկա նաև նման լիազորության անհրաժեշտությունը: ԱԽ քարտուղարի հավաստմամբ՝ նախագահի հետ իրենց համագործակցությունը հիմնված է 2020-2025 թվականների համար ստորագրված երկկողմ հուշագրի դրույթների վրա: Սամվել Բաբայանի փոխանցմամբ ԱԽ-ը համագործակցում է նախարարների և նրանց տեղակալների հետ, ստեղծվել է հանձնաժողով, որտեղ քննարկվում են առկա խնդիրները: ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ գալիք տարվա բյուջեի քննարկման համար խորհրդարանին կներկայացվեն նաև ըստ ոլորտների ԱԽ ծրագրային ուղղությունները: Այնուհետև պատգամավորները և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները ԱԽ քարտուղարին են առաջադրել ԱԽ-ի կադրային պատրաստվածությանը, նախարարությունների կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնություններին ԱԽ-ի միջամտությանը, նախագահի կողմից ԱԽ-ին տրված լիազորությունների իրավական կարգավորումներին, ԱԽ կանոնդարությանը, կառուցվածքին, ԱՀ ռազմավարական հայեցակարգի մշակմանը, աշխարհազորի կազմավորմանը, Սահմանադրության 48-րդ հոդվածի երկրորդ կետի փոփոխությանը, ԱԽ վերահսկողական գործառույթներին վերաբերող այս և այլ հարցեր և ստացել պարզաբանումներ: ԱԽ քարտուղարը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար հանդիպել խորհրդարանական ուժերի հետ և քննարկել առկա խնդիրները: Ամփոփելով հանդիպումը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ բոլորի գերխնդիրը պետք է լինի բավարար պայմանների ստեղծումը՝ բարեկեցիկ, վստահելի, արդարության սկզբունքների վրա հիմնված երկիր կառուցելու համար: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր