211652_close_icon
views-count2734 դիտում article-date 13:24 09-09-2020

Հայրության արձակուրդի հնարավորություն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին

ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով մասնավորապես տրվում է հայրության արձակուրդի հնարավորություն: [url=https://armenpress.am/arm/news/1027133.html]«Արմենպրեսի»[/url] հաղորդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ծովինար Վարդանյանը: Ամրագրվում է, որ մինչև 1 տարեկան երեխային փաստացի խնամողի աշխատանքի էական պայմանները չեն կարող փոխվել նվազ բարենպաստ պայմանների՝ բացառությամբ պաշտոնի անվանման և/կամ տարակարգերի: Նախագծով սահմանվում է նաև հայրության արձակուրդը: «Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,- ասաց Վարդանյանը: Օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյանն առաջարկեց, որ հայրության արձակուրդի երկու օրերի համար վճարի գործատուն, իսկ մնացած երեք օրերի համար՝ պետությունը: Նախագծի հեղինակ Վարդանյանը ձեռնպահ մնաց այդ առաջարկն ընդունելուց: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ լիագումար նիստում:

Նմանատիպ նյութեր