211652_close_icon
views-count1582 դիտում article-date 11:11 09-09-2020

Արագյուղում վերակառուցվում է մշակույթի տունը, Բուժականում՝ հիմնանորոգվում կենտրոնական ճանապարհը, Զորավանում՝ մանկապարտեզը

Շարունակվում են Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ. այցերի օրակարգում պետության աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալն է, ինչպես նաև նոր ուսումնական տարվան ընդառաջ մարզային ենթակայության դպրոցներում ամենատարբեր ծրագրերով իրականացվող շինաշխատանքները դիտարկելը: Հայտնում է Կոտայքի մարզպետարանը։ Հերթական աշխատանքային այցով Առնակ Ավետիսյանը Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Արագյուղ, Զորավան բնակավայրերում էր: Բուժականում Ա. Ավետիսյանը հետևել է Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներին: Շահած ծրագրի արժեքը շուրջ 271.899.000 դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է: Պատասխանատուների հետ քննարկելով շինաշխատանքների ծավալը՝ Ա.Ավետիսյանը հորդորել է մեկնարկած աշխատանքները իրականացնել պատշաճ որակով և սահմանված չափորոշիչներին համապատասխան՝ խստագույնս պահպանելով նաև ժամկետները: Ա. Ավետիսյանը այցելել է նաև Բուժականի միջնակարգ դպրոց: Մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանը 5 մլն դրամ է հատկացրել Բուժականի միջնակարգ դպրոցին՝ հաստատության միջանցքների չվերանորոգված հատվածներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Շինաշխատանքների իրականացման համար մրցույթն արդեն հայտարարված է, աշխատանքները մի քանի օրից կմեկնարկեն: Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Արագյուղ բնակավայրում էր, որտեղ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են մշակույթի տան վերակառուցման և բակային հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Վերակառուցումից հետո այս բնակավայրում վերջապես կսկսի գործել ճարտարապետական հարուստ լուծումներով կառուցված, պատմամշակութային արժեք ներկայացնող, սակայն երկար տարիներ բարձիթողի վիճակում հայտնված ժամանակակից և գեղեցիկ մշակույթի կենտրոն՝ հագեցած մշակութային կյանքի աշխուժացմանը միտված բոլոր հնարավորություններով: Շահած ծրագրի արժեքը շուրջ 140 մլն դրամ է, որից 30 %-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 70 %-ը՝ խոշորացված համայնքի ներդրումը: Ա. Ավետիսյանը եղել է նաև Արագյուղի միջնակարդ դպրոցում, որտեղ ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանի հատկացրած ֆինանսական միջոցներով (3 մլն դրամ) մեկնարկելու են թվով 4 դասասենյակների կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Նշենք, որ շինաշխատանքների իրականացման նպատակով մրցույթը հայտարարված է, աշխատանքները կմեկնարկեն մի քանի օրից: 138 աշակերտ ունեցող Արագյուղի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներն իրականացվել էին անցյալ տարի՝ համայնքի աջակցությամբ: Եղվարդ խոշորացված համայնք կատարած աշխատանքային այցի ավարտին Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը Զորավանում էր: Այստեղ կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով հիմնանորոգվել և ամբողջովին կահավորվել է համայնքի շուրջ 100 փոքրիկների համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը: Շահած պայմանագրի արժեքը 54.490.800 դրամ, որից պետական և համայնքի ֆինանսավորման չափը 50 % է: Ա Ավետիսյանն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք իրենց որակով նոր նշաձող կարող են սահմանել՝ օրինակ դառնալով նաև այլ համայնքների համար: Կարևոր մեկ դիտարկում ևս. առկա մեկհարկանի մանկապարտեզի թափուր շենքը համայնքի միջոցներով (շուրջ 22 մլն դրամ) այս պահին վերանորոգվում է՝ փոխվում է տանիքը, իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, որից հետո այն կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ Զորավանում: Առնակ Ավետիսյանը շրջել է նաև այդ տարածքում, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր