211652_close_icon
views-count16250 դիտում article-date 12:55 03-09-2020

ՍԱՀՄԱՆԻ ԼՐԱԳՐՈՂԸ. ՆԱ ՄԻՇՏ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻ ԹԵԺ ԿԵՏԵՐՈՒՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դարեր շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու, պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանելու համար: Մեր օրերի հերոսների շարքին է դասվում սիրված լրագրող, հաճախ դիրքեր այցելող, Ապրիլյան պատերազմի մասնակից և լուսաբանող, լրագրող Լուսինե Զաքարյանը: Նա Արցախի այն եզակի լրագրողներից է, ով առանց կյանքը վտանգելու և խնայելու, հաճախակի լինելով առաջնագծում, ներկայացնում է այդտեղի կյանքն, ինչպես նաև հանդես գալիս բազմաբնույթ ու հայրենասիրական հոդվածներով, ներկայացնելով Արցախ աշխարհի իրադարձությունները տարբեր տեսանկյուններից: Այսպիսով՝ նրա հայրենասիրական գործունեության ու բանակի մասին կայացած իմ զրույցը ներկայացնում եմ ընթերցողին․ [b]- Շնորհավորում եմ Ձեզ Արցախի տոնի առիթով։[/b] - Շնորհակալություն, Ձեզ ևս շնորհավորում եմ, քանի որ այն բոլորիս տոնն է: [b]- Տարիների հեռվից գնահատելով Ձեր անցած ճանապարհը, ինչպե՞ս կներկայացնեք այսօրը՝ որտեղից ուր եք հասել:[/b] - Այսօրը շատ կարևոր օր է բոլորիս համար և, ընդհանրապես արցախցի հայը դարեր ի վեր կերտել ու արարել է, թեկուզ օտար լծի տակ, բայց միշտ պահել է հայկականը, իսկ արդեն հետո` իր հերոսական սխրանքով, անկախություն ձեռք բերել: Արցախյան շարժման, այնուհետև՝ պատերազմի տարիներին համալսարանում ես ուսանող էի: Հիշում եմ, թե ուսանողներով ինչպես էինք պայքարում ազատ ու անկախ ապրելու գաղափարի իրականացման համար՝ ցույցերի կազմակերպմամբ, պատերազմում մեր տղաների մասնակցությամբ և այլ գործողություններով: Ես ճանապարհ եմ անցել այդ սերնդի հետ, կցանկանամ ասել, որ հենց այդ սերնդից եմ, և անցել եմ ցավի ու տառապանքի, միաժամանակ` հերոսական օրերի միջով, և այսօր հպա՛րտ եմ: Չեմ ուզում երկար խոսել այդ օրերից, որովհետև պատերազմական օրեր էին, որոնք երբեմն հիշեցնում են տխուր պահեր... հարազատներ և ուսանող ընկերներ եմ կորցրել: Միայն ասեմ, որ, ինչպես և միշտ, մեր երախտապարտ սերունդը փայփայել ու պահպանել է պապերի ամեն մի տքնանք՝ մեր օրերին հասցնելով հայրենի եզերքի հետ կապված ամեն բան: [b]- Մի քանի խոսքով պատմեք Ձեր գործունեության մասին։[/b] - Երևի թե սխալված չեմ լինի, որ ասեմ՝ ամեն մարդու ճակատագրի վրա որոշակի ազդեցություն է ունենում նրա հայրենիքի պատմաաշխարհագրական միջավայրը։ Ավարտելով համալսարանը, ճակատագրի բերումով, ամուսնացա և սկսեցի ապրել Մարտակերտում: Նախ աշխատել եմ Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Ունեմ նաև իրավաբանի մասնագիտություն, բայց պետք է ասեմ, որ լրագրություն շատ եմ սիրել, և սկզբից դպրոցի հետ համատեղությամբ, այնուհետև արդեն հիմնական աշխատանքի եմ անցել շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթում։ Թղթակցել եմ տարբեր թերթերի, ամսագրերի, կայքերի։ 18 տարի աշխատել եմ այդ թերթում՝ տարբեր պաշտոններում, որից միայն 8 տարի՝ 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը եղել եմ թերթի գլխավոր խմբագիրը: Պարգևատրվել եմ պատվոգրերով, գերատեսչական մեդալներով, արժանացել նաև Լավագույն խմբագրի կոչմանը: Արցախի ժուռնալիստների միության անդամ եմ, իսկ արտերկրում՝ գրողների միության անդամ: Կարծում եմ գիտեք, ծանոթ եք իմ լրագրողական աշխատանքին, և որ շատ ամուր եմ պահում նաև բանակ-հասարակություն կապը՝ անձամբ այցելելով մարտական դիրքեր: Իմ աշխատանքին ես չէ, որ պետք է գնահատական տամ, իմ լսարանի կարծիքը շատ կարևոր է ինձ համար: [b]- Հայրենասեր մարդու՝ Ձեր բնորոշումը։[/b] - Բոլորս պարտավոր ենք, սիրել և բարձր պահել մեր հայրենիքը, գնահատել մեր հայրենիքի անվտանգության հիմնական երաշխավորին՝ սահմանին կանգնած զինվորին ու նրա սպային: Սա ասում եմ և որպես զինվորների մոր, որ այդ պտուղները ևս քաղել եմ (որդիներս մեկ տարի է, որ զորացրվել են), և որպես հայ կնոջ․․․ Ամեն անգամ դիրքեր այցելելիս, ես ինձ այնքան թեթևացած եմ զգում, որ թեկուզ կարճ ժամանակով, լինում եմ զինվորի կողքին, զրուցում նրանց հետ, ծանոթանում բանակային առօրյային ու խնդիրներին, լուսանկարում, նկարահանում, որը ուրախացնում է նրանց. ես դա միշտ տեսնում եմ զինվորի հայացքում: Զինվորը զգում է, որ ինքը մենակ չէ, և որ գնահատված է, սիրված, որը շատ կարևոր է բոլորիս համար: Յուրաքանչյուրիս այցելությունը ուրախացնում է մեր զինվորներներին, իմը՝ նույնպես, որն ինձ համար ամենակարևորն է և մեծ պատիվ: [b]- Հավատո՞ւմ եք, որ կգան համախմբան ժամանակները:[/b] - Մեր ազգը միշտ էլ համախմբած է եղել, իսկ օրհասական պահերին՝ կատարյալ․․․ [b]-Կա՞ մի բան, որ չասել չեք կարող։[/b] -Ինչպես և միշտ, կարևոր եմ համարում բանակը, և ուզում եմ, որ միշտ պետության ուշադրության կենտրոնում լինեն զինվորականը, ազատամարտիկը, հայրենիքի համար զոհվածների ընտանիքները: [b]- Մի քանի խոսքով պատմեք Ձեր առաջիկա ծրագրերի մասին:[/b] - Չեմ կարող հստակ ասել, քանի որ գործելը կարևորում եմ խոսքից: Համենայնդեպս, ինչ էլ որ լինի,դուք տեղյակ եք լինելու անցուդարձին, քանի որ ֆեյսբուքյան իմ էջում, նաև «Մարտակերտ. Հյուսիսարևելյան առաջնագիծ» էջում կատարում եմ իմ գրառումները; [b]-Արդյոք այցելո՞ւմ եք զորամասեր: Ինչպիսի՞ բնույթ են կրում դրանք: Ի՞նչ հետաքրքիր կամ զավեշտալի դեպք կպատմեք զինվորների հանդիպումներից։[/b] - Զորամասերի գրեթե բոլոր առիթներին միշտ հրավիրված եմ լինում: Շատ հետաքրքիր պատմություններ կան զինվորական կյանքից, որոնց հետ առընչվել եմ: Զինվորի՝ բացի մարտունակ լինելուց, միշտ զարմացել եմ նրանց բարձր ինտելեկտով և շնորհներով: Տաղանդավոր զինվորներ շատ ունենք, որոնք ամենքը փայլում են յուրովի: Նրանք նաև կատակասեր են, դաստիարակված և բարեկիրթ: Մի անգամ Մատաղիսի դիրքերից մեկում մի զինվորի հարցրեցի, թե ճանաչո՞ւմ է ինձ, ասաց` ոչ, մեզ հետ այցելած հրամանատարն ասաց՝ լսած կա՞ս, որ մի լրագրող կա՝ թերթի խմբագիր, այ ձեզ նման չի վախենում թուրքից, նաև ամենավտանգավոր դիրքերն է այցելում: Զինվորն ասաց` այո, Լուսինե է անունը, բոլորը ծիծաղեցին, զինվորը հասկացավ, որ ես եմ …Մի անգամ էլ Թալիշի դիրքեր ժենգյալով հաց էինք տարել, իմ թղթակիցն ինձ հետ էր՝ Մերի Գրիգորյանը, իր մայրն էր թխել զինվորների համար: Այդ օրն այնքան լավ անցավ զինվորների հետ սեղանի շուրջ։ Ի դեպ, այդ դիրքն ամենամոտիկն էր հակառակորդից՝ հեռավորությամբ: Հիշում եմ, որ ուզում էի ես փոխարինել զինվորին՝ մարտական հերթափոխի ժամանակ, երեխեքը չթողեցին (ծիծաղում է)... Շատ հետաքրքիր պատմություններ կան: Գիտեք այնքան լավ զինվորներ ունենք, շատ հայրենասեր ու համարձակ: Մեր տարածքի միավորման ենթակայության տակ գտնվող բոլոր զորամասերի դիրքերում եղել եմ և յուրաքանչյուր դիրքում մի քանի անգամ: [b]-Քանի որ հաճախ եք լինում առաջնագծում, ինչպիսի՞ տպավորություններով եք վերադառնում զինվորների հետ հանդիպումներից հետո:[/b] - Անբացատրելի, կարծես թե հակառակորդի գունդ եմ ոչնչացրել (ծիծաղում է)։ Շատ հաճախ ես դիրքեր էի այցելում 2013 թվականից մինչև 2017 թվականը. լինում էր, որ շաբաթը 3 անգամ էի այցելում: Իսկ 2018թ. մինչև 2020 թվականն արդեն առիթից առիթ էի այցելում, որի համար շատ էի անհանգստանում: Ինչ-ինչ պատճառներով կարծես խանգարվում էր իմ աշխատանքը և չէի կարողանում հաճախ լինել դիրքերում, իսկ զինվորները միշտ սպասում էին իմ հերթական այցին: Նշեմ, որ միայն զինվորները չէ, որ սպասում են իմ դիրքեր այցելելուն, այլև նրանց ծնողները, ովքեր իմ գրածները հավաստի են ընդունում: [b]-Զինվորների արձագանքը՝ Ձեզ հետ հանդիպումների մասին։[/b] - Կարող եք ինքներդ հարցնել զինվորներից և սպաներից: Շատ ուրախ եմ, և դա ինձ համար մեծ պատիվ է՝ հարգված լինել զինվորության կողմից, ընդհանրապես զինվորականների կողմից: Ես պարկեշտություն ամենից շատ տեսնում եմ զորամասերում և դիրքերում: Օրերս այցելեցի 116-րդ լեգենդար մարտական դիրք. այցելությունս «Արցախի հերոս» Արմենակ Ուրֆանյանի մոր՝ Տիկին Համեստի և լրագրողների հետ էր: Նշանավոր այց էր: Նկատում եմ, որ մեր զինվորները միշտ սպասում են իմ այցերին, կարծում եմ` ձեզ արդեն հասկանալի է իմ և նրանց միջև փոխադարձ հարգանքի աստիճանը: [b]-Ձեր զգացումները՝ սահման այցից առաջ և հետո:[/b] - Ամեն անգամ, երբ այցելում եմ առաջնագիծ՝ կարծես առաջին անգամ եմ այցելում, այսինքն՝ ոգևորված եմ լինում, իսկ համարձակությունս տասնապատկվում է. (ծիծաղում է)։ Եվ ինչքան էլ տարաբնույթ հոդվածներ էի գրում, միևնույն է, բանակի, զինվորների, սպաների մասին գրածս հոդվածներով եմ ինձ լիարժեք լրագրող զգում: Իմ աշխատանքային 18 տարիներից 12-ը նվիրվել եմ բանակին. միշտ ինձ համար բանակն ամենակարևորն է։ Գրում եմ նրանց սխրանքների մասին. Իհարկե, մեր զինվորները միշտ պատրաստ են հետ մղելու հակառակորդի ցանկացած հարձակում, նրանք շատ մարտունակ են: Դա տեսել եմ նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ՝ լինելով նրանց կողքին: Աստված մի արասցե, պատերազմ լինելու դեպքում՝ ես կրկին դիրքեր կմեկնեմ, անկախ նրանից՝ պետական լրագրող եմ, պաշտոնյա, թե՝ անկախ լրագրող: [b]-Քանի որ այսօր նշվում է Արցախի Հանրապետության անկախության օրը, Ձեր խոսքն՝ ուղղված մեր զինվորականներին ու երիտասարդներին, կարծում եմ կարևոր կլինի։[/b] - 1988-ից սկիզբ առած Արցախյան շարժումը շարունակությունն էր նվիրական այն պայքարի, որ դարեր շարունակ մղել է հայ ժողովուրդը իր անկախ ու ազատ կյանքը կերտելու իրավունքի համար: 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը Արցախի և ամբողջ հայության այդ երազանքի իրագործման արձանագրումն էր: Ամբողջ աշխարհի առջև արցախցին ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանելու իր զավակների արյամբ սրբագործված հայրենի յուրաքանչյուր թիզ հողը: Եվ այդ հողը պաշտպանողը, սահմաններն անառիկ պահողը զինվորն է, Հայոց բանակը՝ պայքարով, հերոսությամբ, սեփական կյանքն ինքուրույն կերտելու կամքով ու վճռականությամբ ձեռք բերածը պահպանելով: Շնորհավորում եմ բոլորիս նվիրական տոնի` անկախության օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ, ստեղծագործ կյանք, անսասան հավատ ապագայի նկատմամբ, իսկ մեր զինվորներին՝ բարի և անփորձանք ծառայություն; Գարիկ Ավետիսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր