211652_close_icon
views-count1956 դիտում article-date 12:58 03-09-2020

Ընդունվեց պաշտպանության ենթակա անձանց՝ ոստիկանության կողմից պաշտպանության կարգը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով սահմանեց պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի և «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ և 10.1-ին հոդվածների կիրարկման անհրաժեշտությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով կանոնակարգվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը վերաբերող իրավահարաբերությունները: Օրենսգրքով սահմանված են պաշտպանության միջոցների տեսակներն ու դրանց իրականացման ընդհանուր սկզբունքները, կիրառման հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերն ու կարգը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` պաշտպանության միջոցների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Մինչդեռ քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության ինստիտուտի ներդրման օրվանից առ այսօր պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները որևէ օրենսդրական ակտով չեն սահմանվել: «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածով Կառավարությանը հստակ լիազորություն է վերապահվել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը, իսկ 10.1-ին հոդվածով հստակ սահմանվել են քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձանց պաշտպանության տեսակները: Որոշման նախագծով սահմանվում են պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից առանձին պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձևը: Նախատեսվում է նաև «Ոստիկանության մասին» օրենքի 10.1 հոդվածով նախատեսված շրջանակներում որոշման գործողությունը տարածել նաև քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և ապահովել պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների և օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:

Նմանատիպ նյութեր