211652_close_icon
views-count1651 դիտում article-date 13:16 02-09-2020

Կամբոջայում մահացել է «Կարմիր կխմերների» ռեժիմի պարագլուխներից մեկը, որի գլխավորությամբ 14 հազար մարդ է սպանվել

Կամբոջայում մահացել է 1975-1979 թվականներին իշխող «Կարմիր կխմերներ» ռեժիմի օրոք գործող բանտի նախկին պետ Կանգ Կեկ Իեուն, որի գլխավորությամբ մահապատժի են ենթարկվել հազարավոր մարդիկ, գրում է [url=https://edition.cnn.com/2020/09/02/asia/khmer-rouge-duch-cambodia-death-intl-hnk/index.html]CNN[/url]-ը։ Իեուն, որը հայտնի է ընկեր Դուչ մականվամբ, մահացել է 77 տարեկանում՝ Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենի հիվանդանոցում։ Դուչը Կամբոջայի նախկին առաջնորդ Փոլ Փոթի բռնապետական կոմունիստական ռեժիմի օրոք ղեկավարել է Պնոմպենում գտնվող Ս-21 բանտը, որտեղ խոշտանգումների զոհ է դարձել առնվազն 14 հազար մարդ: Դուչը «Կարմիր կխմերների» առաջին պարագլուխներից էր, որը 2010 թվականին Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ դատապարտվել էր ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և 1949 թվականի Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտումների համար: 2012-ին նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել։ Նա դատարում իրեն մեղավոր էր ճանաչել իր հանցագործությունների համար և ներողություն խնդրել զոհերի ընտանիքներից։ «Կարմիր կխմերների» ռեժիմի պայմաններում Կամբոջայի բնակչության գրեթե մեկ քառորդը մահացել է մահապատիժներից, հիվանդություններից, սովից և հարկադիր աշխատանքից։

Նմանատիպ նյութեր