211652_close_icon
views-count2076 դիտում article-date 11:11 02-09-2020

Հուսահատությունը՝ որպես տնտեսական կատեգորիա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երեկվա տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է 187 737 հոգի, մահացության ցուցանիշը (վարակվածների և մահացածների թվի փոխհարաբերակցությունը) 3.02 տոկոս է: Համեմատության համար նշեմ, որ Հայաստանում համավարակը տարել է 881 մարդու կյանք, և մահացության տոկոսը 2.01 է: Բայց, ԱՄՆ-ի հետ կապված, կա ավելի հետաքրքիր թիվ, որը կապ չունի կորոնավիրուսի հետ և որն ապացուցում է, որ համավարակը միայն սրել է արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրները: Ըստ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ագնուս Դիթոնի հետազոտության, որը նա իրականացրել է մեկ այլ ամերիկացի տնտեսագետ՝ Էն Քեյսիի հետ համատեղ, ԱՄՆ-ում տարեկան մոտավորապես նույնքան մարդ է մահանում… վհատությունից: Հետազոտությունը հրապարակվել է այս տարի և կոչվում է Death of despair and the future of capitalism: Ըստ գիտնականների՝ հուսահատությունը (despair), որը հանգեցնում է մահվան, ունի երեք հիմնական դրսևորում. 1/ ինքնասպանություն, 2/ ալկոհոլիզմ, որը բերում է մահացու հիվանդությունների, 3/ թմրամիջոցների գերդոզավորում: Գրքում ներկայացվում է հետևյալ թիվը՝ այդ երեք պատճառներից (որոնց, տնտեսագետների կարծիքով, իրականում միավորում է մեկ պատճառ՝ հուսահատությունը) ԱՄՆ-ում 2016 թվականին մահացել է մոտ 158 հազար մարդ, այսինքն՝ թիվը համեմատելի է նույն երկրում կորոնավիրուսից մահացած մարդկանց թվի հետ: Իսկ ի՞նչն է այդ մահացու հիասթափության հիմնական պատճառը: Բնականաբար, կարող ենք ենթադրել՝ ցածր եկամուտները: Բայց, համաձայն հետազոտության, դա ավելի շուտ հետևանք է, քան պատճառ. տնտեսագետներն ապացուցում են, որ հիասթափվածների ճնշող մեծամասնությունը կազմում են մարդիկ, որոնք ունեն ցածր կրթական մակարդակ: Վերջինիս կապը սոցիալական խնդիրների հետ ակնհայտ է, բայց ոչ ուղիղ համեմատական՝ մարդկանց պետք է ոչ միայն հոգալ նյութական կարիքները, այլև գիտակցել, որ իրենք գնահատված են և կարողանում են լիարժեք ձևով ինքնադրսևորվել: Ժամանակակից տնտեսագետները հասկանում են, որ հնարավոր չէ օգտակար լինել տնտեսությանը, եթե հետազոտության օբյեկտ է հանդիսանում վերացական (Ադամ Սմիթի պատկերացրած) մարդը, որը մշտապես ռացիոնալ վարք է որդեգրում: Դրա համար էլ տնտեսության ներկայիս հետազոտողները սկսել են հետաքրքրվել հոգեբանական, կրթական, առողջապահական թեմաներով: Եվ այդ տեսանկյունից «հուսահատությունը» (այնպես, ինչպես որ դա հասկանում են հիշյալ մասնագետները) դառնում է տնտեսական խնդիր: Դիթոնը և Քեյսին միանշանակ պնդում են. մինչև չբարելավվեն կրթական և առողջապահական համակարգերը, դժվար է ակնկալել լուրջ առաջընթաց տնտեսական ոլորտում: Կարծում եմ, այդ պնդումը ճիշտ է նաև Հայաստանի դեպքում: Հուսահատված հայաստանցիների մոտ վերահիշյալ երեք դրսևորումները, բարեբախտաբար, այնքան էլ տարածված չեն՝ մեր հուսալքված քաղաքացիները սովորաբար գերադասում են արտագաղթել, և վստահ չեմ, որ այդ միտումը չի շարունակվի սահմանները բացելուց և չվերթներն ամբողջությամբ վերականգնելուց հետո: Իսկ մնացած եզրահանգումները, որոնք վերաբերում են առողջապահությանն ու կրթությանը, ինձ թվում է, ճիշտ են աշխարհի ցանկացած երկրի համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր