ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալը նույնպես հայտնվել է 27-ամյա խարդախի ճիրաններում. ոստիկաններն ունեն կասկածներ, որ տուժածների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի
                        Արդեն մի քանի օր է, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քաղաքացիները տեղեկություններ են տարածում, որ ինչ-որ տուրիստական ընկերության տնօրեն ներկայացած անձը մի շարք խարդախություններով տիրացել  է իրենց գումարներին: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոսքը  27-ամյա Վահե Շահվերդյանի մասին է:
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժին է  դիմել Երևանի բնակիչ, 37-ամյա Աստղիկ Բ.-ն և հայտնել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 1 հասցեում գործող  «Բյութի օֆ Արմենիա տուր»-ի   տնօրԵն ներկայացած  Վ. Շահվերդյանը  հանգստի կազմակերպման համար  խաբեությամբ իրենից պահանջել և ստացել է գումար:
Կենտրոնի ոստիկանություն է  դիմել նաև Երևանի բնակիչ, 34-ամյա Հասմիկ  Հ.-ն, ով հայտնել է, որ դարձյալ իր հանգիստը կազմակերպելու  համար գումար է փոխանցել Վ. Շահվերդյանին, ով նույնպես խարդախությամբ յուրացրել է գումարը:
Վ. Շահվերդյանի կողմից հերթական խարդախության համար կենտրոնի ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ Լաուրա Հ.-ն , ով հայտնել է, որ ինքը նույնպես նույն եղանակով խաբվել է:
Երևանի բնակիչ, 23-ամյա  Անահիտ Հ.-ն նույնպես իր հանգիստը կազմակերպելու  համար փոխանցումային տարբերակով գումար է ուղարկել Վ. Շահվերդյանի ասած հաշվեհամարին: 
Երևանի բնակիչ, 31-ամյա Աննա Հ.-ն նույնպես հավատացել է Վ. Շահվերդյանին և իր հանգիստը կազմակերպելու  համար փոխանցման եղանակով գումար է տվել, բայց հետո է  զգացել, որ ինքը խաբեության զոհ է դարձել: 
Նմանատիպ եղանակով Վ. Շահվերդյանին գումար է տվել նաև Երևանի բնակիչ, 30-ամյա Թամարա Մ.-ն, ով նույնպես ոստիկանության կենտրոնական բաժին հայտնել է, որ դարձել է նրա զոհը:
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Վ. Շահվերդյանի կատարած խարդախություններից տուժել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն վարչության մաքսային տեսուչ, Երևանի բնակիչ Արաքսյա Ս.-ն, ով ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել  է,  որ  Վ. Շահվերդյանը իր հանգիստը Դիլիջանում անցկացնելու նպատակով իրենից «Իդրամ» հավելվածի միջոցով ստացել է գումար, սակայն իր անվամբ ամրագրումը չի կատարվել, ինչի արդյունքում Վ. Շահվերդյանը, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ տիրացել է գումարին:
Երևանի բնակիչ Արմենակ Խ.-ն նույնպես դիմել է ոստիկանության Նոր նորքի բաժին և հայտնել, որ Վ. Շահվերդյանը, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ տիրացել է իր կողմից նրա հայտնած հաշվեհամարին փոխանցված գումարին, իսկ գումարը փոխանցել  էր,  քանի որ նրա և Վ. Շահվերդյանի միջև պայմանավորվածություն է  եղել իր հանգիստը ինչ-որ հանգստյան համալիրրում կազմակերպելու  համար:
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Արմենակ Խ.-ն աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ:
 Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝  ոստիկաններն ունեն լուրջ կասկածներ,  որ հնարավոր է, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Վ. Շահվերդյանի կողմից խաբվածների թիվն անցնի մի քանի տասնյակը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                                            
                        
            

