211652_close_icon
views-count1417 դիտում article-date 18:12 01-09-2020

Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության օրվա առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների, ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատակիցների

Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին ԱՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների, առողջապահության, կրթության, գիտության ոլորտների ներկայացուցիչների: Գիտության, կրթության և առողջապահության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են ԼՂՀ պատվավոր կոչումներ: Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՊԲ զինծառայողներ Կարեն Շաքարյանին, Կարեն Առստամյանին և Սամվել Պողոսյանին և ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Գրիգորյանին: Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանին և Սասուն Գաբրիելյանին: Նախագահ Հարությունյանը շնորհավորել է պարգևատրվածներին ու նշել է, որ սեպտեմբերի 2-ը պատմական օր է, համազգային հպարտության, հայ ժողովրդի արցախյան հատվածի երբեմնի ոտնահարված իրավունքների վերականգնման և արժանապատիվ ներկան ու ապագան խորհրդանշող օր: «Միասնականությունը և ներդաշնակությունը համազգային գաղափարի շուրջ, որ դրսևորեց հայ ժողովուրդն այդ փուլում, օրինակելի էր»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այսօր, առավել քան երբևէ, մեր ազգային հավաքական ուժի շնորհիվ պետք է կառուցենք մեր երազանքների Հայրենիքը: Խոսելով անելիքների մասին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ պետականությունը պետք է պաշտպանել, շարունակաբար ամրապնդել ու զարգացնել, որի համար առկա է ամենակարևոր նախադրյալը՝ մարդկային ռեսուրսը: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նմանատիպ նյութեր