211652_close_icon
views-count3828 դիտում article-date 11:25 01-09-2020

Ոչ մի երկիր չի կարող ձևացնել, թե համավարակն ավարտվել է․ ԱՀԿ ղեկավարը կոչ է արել շարունակել պայքարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը երկրներին [url=https://www.facebook.com/watch/?v=370278504371023]կոչ է արել[/url] շարունակել COVID-19-ի դեմ պայքարի համար սահմանափակումների կիրառումը՝ ընդգծելով, որ առանց վերահսկողության վիրուսը կվերածվի «աղետի»։ «Արդեն 8 ամիս է, ինչ ապրում ենք COVID-19-ի համավարակի պայմաններում, և մենք հասկանում ենք, որ մարդիկ հոգնել են և ցանկանում են շարունակել իրենց կյանքը, բայց ոչ մի երկիր չի կարող ձևացնել, թե համավարակն ավարտվել է: Այս վիրուսը հեշտությամբ տարածվում է, և մենք բոլորս պետք է լրջորեն ճնշենք դրա փոխանցումը և կյանքեր փրկենք»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ երկրները որքան լավ կարողանան վերահսկել վիրուսի տարածումը, այնքան ավելի շուտ հնարավորություն կունենան վերաբացելու իրենց երկրները։ «Իրականությունն այն է, որ կորոնավիրուսը հեշտությամբ տարածվում է և կարող է մահացու լինել բոլոր տարիքի մարդկանց համար։ Առանց վերահսկողության բնականոն կյանքին վերադառնալն աղետի բաղադրատոմսն է»,- ընդգծել է նա։ Նրա խոսքով՝ վարակի փոխանցումը վերահսկելու համար անհրաժեշտ է կանխել այն իրադարձությունները, որոնք հանգեցնում են հիվանդության բռնկումներին, այդ թվում՝ մարզական միջոցառումները, գիշերային ակումբների աշխատանքը և պաշտամունքային վայրեր այցելությունները։ Ըստ [url=https://www.worldometers.info/coronavirus/]worldometers.info[/url]-ի՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 25․641․965-ի, մահացել է 854․809 մարդ, ապաքինվել՝ 17․943․674-ը: [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/01/1163540/]Ավելի վաղ[/url] COVID-19-ի հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոն խորհուրդ էր տվել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում օրինակ վերցնել Շվեդիայից, որը վստահել է հասարակությանը: Ըստ նրա՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շվեդական ռազմավարությունը, որը կառուցվել է իշխանության և հասարակության միջև վստահության հիման վրա, կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար, քանի որ ցույց է տվել իր արդյունավետությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր